Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի Հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը:
Նախապատրաստություններին ծանոթանալու նպատակով նախօրեին կղզի են այցելել Վանի փոխնահանգապետ Ֆերհաթ Աթարը, Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի ղեկավար Մուրաթ Սեզերը, Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը և այլք:
Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Մուզաֆֆեր Աքթուղը՝ տեղեկացնելով, որ եկել են հետևելու «հայկական պատարագի» նախապատրաստական աշխատանքներին:
«Համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացնելու են թվով 7-րդ հայկական պատարագը: Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք: Այս տարի նույնպես համատեղ պայմանավորվածությունների արդյունքում կիրականացվի այն»:
Թուրք պաշտոնյան չի թաքցրել, որ պատարագը իրենց համար առավել կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից՝ նշելով, որ Աղթամար կղզին ու Սուրբ Խաչ եկեղեցին Թուրքիայի կրոնական տուրիզմի կարևոր ուղղություններից են դարձել:
«Վանի ճանաչելիության և առհասարակ զբոսաշրջության տեսանկյունից հայկական պատարագը մի շատ կարևոր միջոցառում է դիտարկվում: Այս պահին մեր հյուրանոցներում սեպտեմբեր ամսվա համար արդեն ոչ մի ազատ տեղ չկա»,- նշել է Վանի մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ 2018-ին Աղթամար կղզի է այցելել 157.000 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա 8 ամիսներին այցելուների թիվը արդեն հասել 162.000-ի, ինչն իրենց թույլ է տալիս ենթադրելու, որ տարվա կտրվածքով այցելուների թիվը կհասնի 200.000-ի:
Հիշեցնենք, որ Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի: