ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արևելյան տարածքային կենտրոնի աշխատակիցները վարչական վարույթ են հարուցել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք դպրոցներում՝ օդի ջերմային ռեժիմին ներկայացվող պահանջների խախտման, ինչպես նաև հաստատություններում չթույլատրվող վառարանային ջեռուցում իրականացնելու հիմքերով։
Վարչական վարույթի արդյունքում պարզվել է՝ որոշ դպրոցներում դեռևս իրականացվում է վառարանային ջեռուցում, շենքերում չի ապահովվում օդի սահմանված ջերմաստիճան, դասընթացը կազմակերպվում է նույնիսկ 8-13⁰C պայմաններում։
Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվության հիման վրա։
«Հիշեցնենք, որ ուսումնական գործընթացի մեկնարկին զուգահեռ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը լայնածավալ իրազեկման աշխատանք է կատարել՝ հորդորելով ուսումնական հաստատությունների պատասխանատուներին խստագույնս պահպանել առողջապահության նախարարի 12-N հրամանով սահմանված պահանջները։
Վարչական վարույթները շարունակական են լինելու, դրանց ամփոփումից հետո վերջնարդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։