Վարչապետի ցանկացած որոշում ճիշտ եմ համարում․ Արագածոտնի մարզպետ

Պետական կառավարման համակարգում ստորին օղակներից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյաների համար հստակ սահմանված են դրույքաչափեր, որից զատ, կան նաև պարգևավճարներ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

«Այս պահին ես կարող եմ խոսել այն ինֆորմացիայի մասին, որը գաղտնիություն չի պարունակում»,-ասաց նա՝ անդրադառնալով վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել էին նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների, մարզպետների աշխատավարձերը:

Դավիթ Գևորգյանը չհայտնեց, թե որքան աշխատավարձ է ստանում՝ պատճառաբանելով, որ ըստ նրա՝ դա գաղտնի ինֆորմացիա է։

«Հստակ կարող եմ ասել, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն: Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից ստանձնել պատասխանատվություն և բացահայտել ինֆորմացիան»,-ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նորմալ է համարում, որ երկրի ղեկավարը գաղտնի հանձնարարականով է բարձրացնում նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձը, Գևորգյանը պատասխանեց, որ ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում:

«3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և ԱԺ վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին և վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքը: Ես ու մեր թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»,-ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է մարզպետարանի այն աշխատակիցներին, որոնք դժգոհում են ցածր աշխատավարձից, Դավիթ Գևորգյանը նշեց, որ ինքն էլ է դժգոհ, որ շատ աշխատողներ շատ ցածր աշխատավարձ են ստանում, ուստի արդյունավետ պետական համակարգ ստանալու համար պետք է պետական համակարգի ամենացածր վարձատրվող աշխատողները բարձր աշխատավարձ ստանան։

«60-70-80 հազար դրամ աշխատավարձ ստացող մարդը չի կարող արդյունավետ աշխատել, այդպես արդյունավետ համակարգ չենք կարող ունենալ»,-նշեց մարզպետը։

Գևորգյանը ոչ կոռեկտ համարեց լրագրողի այն հարցը, թե արդյո՞ք ինքն արժանի է 800.000 դրամ աշխատավարձ ստանալու։

«Եթե ես արժանի չլինեմ, և իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա ես այդ պաշտոնում չեմ պաշտոնավարի: Եթե ՀՀ վարչապետը վստահել է ինձ և շարունակում է վստահել Արագածոտնի մարզպետի պաշտոնը, ապա գտնում է, որ ես արժանի եմ»,-եզրափակեց Արագածոտնի մարզպետը։

Ամենաթարմ