Իմքայլականների հետ վերջին հանդիպումներին Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել արագացնել ընտրական և կուսակցությունների մասին օրենքների փոփոխությունների մշակումը:
«Հանձնարարվել է Համազասպ Դանիելյանին հնարավորինս արագ` մինչև տարեվերջ, օրենքների հետ կապված աշխատանքն ավարտել։ Խնդիրը ոչ միայն Գյումրիում գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններն են, այլև` բուն Երևանը. ֆրակցիայում մտահոգություն կա, որ Երևանի դեպքում ամեն րոպե հնարավոր են ֆորսմաժորային զարգացումներ:
Ի դեպ, ընթացքի մեջ է նաև տեղական անցանկալի ղեկավարների նկատմամբ օրենքի փոփոխությունների հարցը՝ օրենքի նորմով իքս քանակի ստորագրություններով, հարցը դնել հանրաքվեի և համայնքապետին անվստահություն հայտնել։
Սակայն մտավախություն կա, որ այն կարող է տարածվել նաև Երևանի քաղաքապետի վրա, ուստի դեռ ոտներս կախ ենք գցում: Կուսակցությունների մասով խստացվելու է գրանցման, մանավանդ՝ համագումարներ չանցկացնելու հարցը, ընդհուպ մինչև կուսակցության փակման դրույթ»,- ասել է իմքայլականը:
Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ «Իմ քայլը» ընդդիմությանը հակադրվելիք լուրջ թեկնածու չունի Գյումրիում, ուստի որոշել եք «քամ բաք» անել Ֆելիքս Ցոլակյանին։
«Այս պահին դեռ վաղ է այդ մասին խոսելը. մեր ուշադրությունն այս պահին սևեռված է Ամուլսարի վրա»:
Իսկ հանդիպման ժամանակ իսկապես Փաշինյանը խստիվ զգուշացրե՞լ է, որ որևէ մեկը հույս չունենա, որ Ամուլսարի կամ մեկ այլ պատճառով ֆրակցիայից դուրս գալով՝ կարող է անկախ պատգամավոր դառնալ՝ մանդատն անպայման վայր եք դնելու։ «Նո քոմենթ»: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: