ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը «չի հանդուրժի» օտարերկրյա զինվորականների միջամտությունը մոլորակի արևմտյան կիսագնդի գործերին: «Միացյալ Նահանգները չի հանդուրժի, որ թշնամական օտարերկրյա զինվորականները միջամտեն արևմտյան կիսագնդի երկրների ընդհանուր նպատակների՝ ժողովրդավարության, անվտանգության և օրենքի գերակայության ձեռքբերմանը: Վենեսուելացի զինվորականները պետք է բռնեն երկրի ժողովրդի կողմը»,- գրել է նա Twitter-ում: Բոլթոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը «պարենամթերք ու դեղորայք է ուղարկում Վենեսուելա՝ այնտեղ ատոմային ռմբակոծիչներ ու հատուկ նշանակության ուժեր ուղարկելու փոխարեն՝ կոռումպացված դիկտատորին աջակցելու համար»:
«Ռուսաստանը պետք է աշխատի միջազգային հանրակցության հետ վենեսուելական ժողովրդին օժանդակելու համար»,- ընդգծել է Դոնալդ Թրամփի խորհրդականը: Ավելի վաղ հաղորդվել է Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի երկու փոխադրական ինքնաթիռների Կարակաս ժամանելու մասին, որոնք տեղ են հասցրել ռազմատեխնիկական մասնագետների ու բեռներ: Ամերիկյան պետությունների կազմակերպությունում (ԱՊԿ) դեմ են հանդես եկել Վենեսուելայի տարածքում ռուս զինվորականների ներկայությանը: ԱՊԿ-ում գտնում են, որ Վենեսուելայում նման ռազմական ներկայությունը սահմանադրական չէ, որովհետև հավանության չի արժանացել երկրի Ազգային ժողովի կողմից, որը վերահսկում է ընդդիմությունը: Կազմակերպությունում, որը բազավորված է Վաշինգտոնում, Նիկոլաս Մադուրային չեն ճանաչում Վենեսուելայի օրինական նախագահ և օժանդակում են իրեն ժամանակավոր նախագահ հռչակած ընդդիմադիր Խուան Գուայդոյին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: