Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` Ամենայն Հայոց կաթողիկոսի Գարեգին II-ի եղբորն ու եղբորորդուն՝ 68 ամյա Գևորգ Ներսիսյանին և Համբարձում Ներսիսյանին կալանավորելու համար։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Քրեական վարույթի շրջանակում նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով, որը վերաբերում է քարոզչությանը խոչընդոտելուն կամ քարոզչությունից հրաժարվելու հարկադրանքին։
Փաստաբանը նշել է, որ քննության հիմքում դրված է մեկ անձի ցուցմունք, ինչը, ըստ նրա, անտեսում է Ներսիսյանների ցուցմունքները և դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունը։ Նա նաև ընդգծել է, որ ձերբակալումը տեղի է ունեցել «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, որը, ըստ փաստաբանի, սուտ մատնություն է։
Ակնհայտ է, որ քննչական մարմնի գործողությունները զուգահեռ են ընթանում ՀՀ իշխող վարչակազմի վարած քաղաքական այն կուրսին, որը միտված է պառակտել Հայ Առաքելական Եկեղեցին։ Կառավարություն-Եկեղեցի հակամարտությունը միայն խորեցնում է հանրային տարբեր խմբերի միջև ձևավորված վիհը և մեծացնում է տարբեր հայացքների տեր մարդկանց միջև եղած ատելությունը։ Նման գործընթացը չարիք է ուղղված պետությանը եւ պետք է խիստ դատապարտվի ողջախոհ մարդկանց կողմից։

