Վենետիկում դեկտեմբերի 23-ին ջրի մակարդակը 144 սանտիմետրով բարձրացել է նորմայից: Այս մասին տեղեկացնում են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Ջրով է ծածկվել փողոցների մեծ մասը․ զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները հարկադրված են քայլել վերնահարթակներով: Հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում էր. փորձագետները կանխատեսել էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչև 150 սանտիմետրի նշագիծ:
Վենետիկում խոշոր հեղեղում տեղի ունեցավ նոյեմբերին: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը նորմայից վեր բարձրացավ 187 սանտիմետրով: Հեղեղման պատճառով քաղաքում սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ: Տարերային աղետի զոհ դարձավ երկու մարդ:
Իտալիայում Վենետիկի հեղեղումներն անվանում են «բարձր ջուր»: «Բարձր ջրի» գալու մասին խոսում են, երբ այն զրո կետից, որը գտնվում է Վենետիկի Պունտա դելլա Սալյուտեի թաղամասում, բարձրանում է 110 սանտիմետրից ավելի: