fbpx
Տնտեսություն

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնում է անփոփոխ

Այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 %:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերին գրանցվել է 1.% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.%-ի փոխարեն, որն հիմնականում պայմանավորվել է սեզոնային ապրանքների գների համեմատաբար ցածր աճով:

Այս պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ ամսվա վերջին կազմելով 1.8%, ինչը նաև ուղեկցվել է բնականոն գնաճի որոշակի դանդաղմամբ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից փոքր-ինչ ցածր մակարդակում։

Համաշխարհային տնտեսության աճի փաստացի զարգացումներն ընթացել են կանխատեսումներին համահունչ, որի ներքո առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակել են խստացնել դրամավարկային պայմանները: Դա ուղեկցվել է հիմնական ապրանքների միջազգային շուկաներում գնաճային միջավայրի թուլացմամբ, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:


Խորհուրդն արձանագրել է, որ  երկրորդ կիսամյակում համախառն պահանջարկը շարունակում է մնալ հարաբերականորեն թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության պահպանվող զսպող դիրքով և մասնավոր ծախսումների որոշակի թուլացմամբ։ Մյուս կողմից, ցածր գնաճային միջավայրը, մասնավոր սպառման աճի ցածր տեմպերի պարագայում, նպաստել է երկրում իրական եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։

Վերոնշյալ իրավիճակում, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել պահպանել վերաֆինանսավորման տոկոսադրույքի գործող մակարդակը, որը գնահատվում է ավելի խթանող՝ հաշվի առնելով գործընկեր երկրներում տոկոսադրույքների բարձրացումը: Խորհուրդը նաև գնահատում է, որ, կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների առավել երկար պահպանում՝ միջնաժամկետ հատվածում գների կայունության ապահովման համար:

ԿԲ փոխանցմամբ՝ արդյունքում ակնկալվում է, որ գնաճը դեռևս կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Գնաճի և տնտեսական զարգացումների կանխատեսվող սցենարից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը:
 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ