Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել: Այս մասին հաղորդում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վերջին օրերին ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց է հայտնվել խցանման մեջ:
Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում հայտնվում են խցանման մեջ, քանի որ նորոգումներ են իրականացվում Վրաստանում ճանապարհի մի հատվածի վրա:
Կազբեգի-Վերին Լարս անցակետի (Ռուսաստանի հետ վրացական սահմանի) ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 7-9-ը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կայքում: