–Մոնիկա, ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ ցանկանում եք ձեր կյանքը կապել մոդալային ասպարեզի հետ. Ձգտե՞լ եք մոդել դառնալ, թե՞ դա պատահական է եղել
– Շատ պատահական է եղել, քույրս է իմ փոխարեն որոշել, որ պետք է լինեմ այս ասպարեզում։ Մրցույթի հայտը քույրս է լրացրել առանց իմ իմացության։ Իհարկե, շնորհակալություն իրեն ինձ ճիշտ ուղղորդելու համար։
–Ձեր հարցազրույներից մեկում նշել եք, որ նոր քայլեր անելով այդ ասպարեզ շատ կաշկանդված եք եղել, ինչպե՞ս եք հաղթահարել այդ ընթացքը
-Կարծում եմ՝ յուրաքանչուր աղջիկ կյանքի ինչ-որ փուլում ունենում է որոշ կոմպլեքսներ։ Պարզապես պետք է ճիշտ գնահատես քո ես-ը և սիրես քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Ես կոմպլեքսներ չեմ ունեցել, պարզապես որոշեցի, որ լողազգեստ պատրաստ չեմ կրել։
–Նորաձևության ոլորտը և մոդելինգը ազդե՞լ են ձեր մտածողության և աշխարհայացքի վրա
-Այո, քանի որ մտնում ես ուրիշ աշխարհ, շրջապատվում ես նոր ու բազմատեսակ մարդկանցով, ամեն մեկի հետ նոր բան ես բացահայտում և սովորում։ Ես շատ ավելի հասուն եմ դարձել, որոշակի դիրք եմ ձեռք բերել հասարակության մեջ։
–Բացի մոդել լինելուց, գիտեմ նաև, որ ունեք մեկ այլ մասնագիտություն, կպատմե՞ք մի փոքր
-Ես միշտ ասում եմ բոլորին, որ մոդելինգը որպես մասնագիտություն պետք չէ ընտրել, քանի որ Հայաստանում չկան հեռանկարներ։
Սովորեք և ձեռք բերեք մեկ այլ մասնագիտություն, իսկ մոդելինգը թող լինի սիրելի զբաղմունք , ինչու ոչ, նաև աշխատանք։
Ես մասնագիտությամբ լեզվաբան եմ, ավարտել եմ Բրյուսովի համալսարանը։
-Ձեր մասնագիտական գիտելիքները որքանո՞վ են ձեզ օգնում մոդելային ոլորտում
-Հիմա ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ յուրաքանչյուր ոլորտում առաջնային է լեզուների իմացությունը։ Աշխատանքային ճամփորդությունների ժամանակ շատ է օգնում։
–Ո՞վ է ձեր ամենալավ քննադատը, որի կարծիքը ձեզ համար շատ կարևոր է
-Ի ուրախություն ինձ՝ ես շատ քննադատներ ունեմ հանձինս մայրիկիս, քրոջս, մորաքրոջս և տատիկիս։
Ամենամեծ և ամենախիստ քննադատներն են։ Միշտ առաջին հերթին նկատում են թերությունները և մեկնաբանում, որ լավ խոսքեր բոլորն էլ ասում են, իսկ թերությունների մասին ոչ ոք անկեղծ չի խոսի։
-Շատ հաճախ ենք լսում, որ Հայաստանում մոդելինգը դեռ զարգանալու կարիք ունի, ըստ ձեզ՝ ի՞նչ բացեր կան հայկական մոդելինգում
-Առաջինը պետք է փոխվի հասարակության կարծիքը, շատ թյուր կարծիք կա մոդելինգի մասին։ Ինչպես տեսնում ենք որոշ չափով փոխվել է մարդկանց կարծիքը, որտեղ ես իմ ներդրումն եմ ունեցել։ Հայաատանում կան շատ տաղանդավոր մարդիկ, ցավոք, նրանք համախամբված չեն մեկ գաղափարի շուրջ։ Առայժմ չունենք այնպիսի նորաձևության կենտրոն, որտեղ կարող են սովորել և ձեռք բերել համապատասխան կրթություն։ Գեղեցկության մրցույթներին չկա պետության կողմից աջակցում, շատ-շատ բացեր կան, որ կարող եմ թվարկել…
-Ըստ ձեզ՝ ի՞նչ է գեղեցիկը
-Մարդիկ շատ հաճախ գեղեցիկ ասելով միանգամից հասկանում են գեղեցիկ արտաքին ունեցող մարդ։ Բայց իմ կարծիքով կան ավելի նկատելի բաներ, քան մարդու գեղեցիկ արտաքինը։ Օրինակ՝ բնությունը դա գեղեցիկ է,և բնությունն է ստիպում մարդուն ապրել: Ինձ համար ամենակարևորը դա հոգու գեղեցկությունն է և մարդու վարվելակերպը։ Վարվելակերպն է մարդու մոտ առաջացնում գեղեցիկի զգացողությունը։ Այն ամենը, ինչը լավն է, բարի է, ինձ համար գեղեցիկ է:
-Հայաստանում աղջիկները նույնպես փորձում են լինել նորաձև, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց
-Միշտ հետևել նորաձևությանը, տեղյակ լինել տարվա գույներից և գտնել իրենց ոճն ու իրենց մարմնին համապատասխան հարմարավետ հագուստ։
-Որտե՞ղ եք ձեզ պատկերացնում 10 տարի հետո
-Վերջին դեպքերից հետո դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Արդեն վախենում եմ պլանավորել վաղվա օրը։
-Ինչի՞ մասին եք հիմա երազում
-Խաղաղ երկնքի տակ ապրելու մասին, որ ոչ մի կյանք չընդհատվի. ապրենք խաղաղ ու երջանիկ։
-Մոդելի համար երեք հիմնական կանոն
-Հետևել կազմվածքին, լինել համարձակ, անընդհատ աշխատել և կատատելագործվել։
Հեղինակ՝ Ռիտա Մնացականյան