Ո՞րն է Կապսի ջրամբարի ծրագրի տապալման պատճառը

Հրապարակող՝

,

pashinyan

Ամենադիտվածներ

Դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը փորձեց պատասխանել լրագրող Նարեկ Կիրակոսյանի՝ Կապսի ջրամբարի ծրագրի տապալման վերաբերյալ հարցին։ ՀՀ վարչապետի բացատրությունները հերթական անգամ կառուցված էին ինքնարդարացման պարզունակ սխեմայով․ ամբողջ մեղքը բարդվեց չինական կապալառու ընկերության վրա, իսկ պետության դերակատարումն ու պատասխանատվությունը ներկայացվեց գրեթե անթերի։

Հայ հանրությունը սովոր է Փաշինյանի ձեռնածություններին։ Ուստի, պետք է եւս մեկ անգամ արձանագրել, որ նման խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ձախողումները երբեք չեն կարող լինել միայն մեկ ընկերության «անպատասխանատվության» արդյունք։ Մրցույթի կազմակերպումը, ռիսկերի գնահատումը, վերահսկողությունը, ժամկետների կառավարումն ու քաղաքական որոշումների որակը ամբողջությամբ պետական պատասխանատվության տիրույթում են։ Երբ Փաշինյանը հայտարարում է, թե «մենք ամեն ինչ արել ենք ճիշտ, պարզապես կապալառու չինական ընկերությունն իր խոստումը չի կատարել», իրականում նա հանրությունից թաքցնում է իր իսկ կառավարման համակարգային ձախողումները։

Այդ տեսանկյունից Փաշինյանի խոսքում ակնհայտ է նաեւ ժամանակի եւ պատճառահետեւանքային կապերի մանիպուլյացիան։ Ծրագիրը ձախողված է ոչ միայն այն պատճառով, որ կապալառուն «չկատարեց իր պարտավորությունները», այլ որովհետեւ պետությունը երկար ժամանակ չկարողացավ կամ չցանկացավ ժամանակին արձագանքել խնդիրներին, վերանայել պայմանագիրը, փոխել կառավարման տրամաբանությունը եւ հանրությանը ներկայացնել իրական վիճակը։ Տարիներով ձգձգված անգործությունն այսօր ներկայացվում է որպես արտաքին կողմի անակնկալ ձախողում, ինչով ջնջվում է պետական անգործության ամբողջ ժամանակագրությունը։

Այս մեթոդը՝ պատասխանատվությունը կենտրոնացնել մեկ «մեղավորի» վրա, Փաշինյանի քաղաքական խոսքում նոր չէ։ Այն թույլ է տալիս փակել թեման առանց խորքային քննարկման եւ խուսափել հարցից, թե ինչու են նույն սխալները կրկնվում տարբեր ոլորտներում ու պարբերաբար (նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ տապալվել է եւս մի խոշոր ենթակառուցվածքային նախագիծ՝ Աջափնյակի մետրոյի կառուցումը)։ Կապսի ջրամբարի դեպքում սա հատկապես վտանգավոր է, քանի որ խոսքը ոչ միայն տնտեսական կամ շինարարական սովորական մի ծրագրի, այլեւ ջրի՝ որպես ռազմավարական ռեսուրսի մասին է, որի սխալ կառավարումը կարող է երկարաժամկետ հետեւանքներ ունենալ երկրի համար։

Սակայն Կապսի ջրամբարի պատմությունը կարելի է դիտարկել նաեւ ավելի լայն՝ ոչ միայն ներքին կառավարման, այլեւ տարածաշրջանային ջրային քաղաքականության համատեքստում։ Կապսը Ախուրյանի ջրային համակարգի մաս է, իսկ այդ համակարգը կապված է միջպետական պայմանավորվածությունների, սահմանային գետերի եւ ջրի բաշխման նուրբ հավասարակշռության հետ։ Միեւնույն ժամանակ հայտնի է, որ Թուրքիան ակտիվորեն ընդլայնում է իր ջրամբարային ենթակառուցվածքները թե՛ Արաքսի, թե՛ հարակից գետերի վրա, ինչը երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի ջրային անվտանգության վրա։

Այս ֆոնին դժվար է անտեսել այն վարկածը, որ Կապսի ծրագրի ձախողումը պարզապես տեխնիկական կամ պայմանագրային խնդիր չէ։ Երբ իշխանությունը խուսափում է խոսել ջրի մասին որպես ռազմավարական ռեսուրսի եւ սահմանափակվում է մեկ կապալառուի մեղադրանքով, դա կարող է վկայել ոչ միայն անկարողության, այլեւ՝ չցանկանալու մասին՝ բաց ու ամբողջական քննարկելու տարածաշրջանային ռիսկերն ու սեփական քաղաքական որոշումների իրական գինը։

 

Ամենաթարմ