Ոստիկանական հերթապահություն՝ Ձմեռ պապու և Ձյունանուշի հագուստներով

Ոստիկան Ձմեռ պապերն ու Ձյունանուշները Յակուտիայում հերթապահում են Ամանորյա տոներին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Յակուտիայի Հանրապետության պետավտոտեսչության վարչության մամուլի ծառայությանը։

Համառուսաստանյան «Ձմեռ պապ» ակցիան ընդգրկել է գրեթե ողջ Յակուտիան։

«Ձմեռ պապի և Ձյունանուշի հագուստ հագած ոստիկանները շարունակում են անակնկալներ մատուցել և երեխաներին ամանորյա նվերներ մատուցել։ Ներյունգրինյան շրջանում տեսուչները… շնորհավորել են սոցիալ-վերականգնողական «Տուսկուլ» կենտրոնի երեխաներին, անծնող երեխաներին, որոնք բնակվում են օգնության «Վեկտոր» կենտրոնում, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաներին, որոնց ծնողները հաշվառված են պրոֆիլակտիկայի համակարգի մարմիններում։

Լեռնային և Մեգինո-Կանգալասյան շրջաններում ոստիկանները ամանորյա հագուստներով դուրս են եկել կենտրոնական փողոց և շնորհավորել վարորդներին՝ նրանց անվտանգ երթևեկություն մաղթելով։ Խանգալասյան շրջանում ավտոտեսուչները նվերներ են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված աշխատակցի երեխաներին»,- նշել են մամուլի ծառայությունում։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Յակուտսկի պետավտոտեսչության աշխատակիցները մասնակցել են համառուսաստանյան «Ոստիկան Ձմեռ պապ» ակցիային և նվերներ փոխանցել մանկատների ու գիշերօթիկների երեխաներին։

Աղբյուր՝ news.am


Ամենաթարմ