Վրաստանի և ՌԴ-ի մոտեցումները սկզբունքորեն տարբերվում են, ինչը ժնևյան քննարկումները տանում է փակուղի

Վրաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-ներն ամփոփել են Վրաստանի և ՌԴ-ի միջև Ժնևում կայացած բանակցությունների 46-րդ փուլը և համապատասխան հայտարարություններ տարածել:

«Ռուսաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի պատվիրակությունները ևս մեկ անգամ ընդգծել են, որ տարածաշրջանային անվտանգության համար լուրջ մարտահրավեր է վրացական տարածքում ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության առկայությունը, այդ թվում՝ Վաշինգտոնի աջակցությամբ Վազիանիի ռազմական օդանավակայանի արդիականացման ծրագիրը: Մարտահրավերի մաս է կազմում նաև 2019թ․ Վազիանիում ծրագրված մեծամասշտաբ բազմազգ զորավարժությունների անցկացման ծրագիրը: ՌԴ-ն կոչ է արել Վրաստանին դրա փոխարեն փորձել կարգավորել հարաբերությունները հարևան երկրի հետ:

ՌԴ-ն սադրիչ է համարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները դաշինքին Վրաստանի անդամակցությանն աջակցելու մասին:

«Նման անպատասխանատու խոստումներն էլ 2008 թ. օգոստոսին Վրաստանին մղեցին ռազմական արկածախնդրության», – ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Վրացական կողմն իր հերթին քննարկման առարկա է դարձրել հարավօսական սահմանի բաժանարար գծում ռուսական զորամիավորումների կողմից սահմանների տեղաշարժման հարցը, երկրի տարածքների անօրինական օկուպացիան և ՌԴ-ի փաստացի բռնազավթման քաղաքականությունը: Վրաստանի պատվիրակության անդամները Մոսկվայից պահանջել են կատարել 2008 թ. օգոստոսի 12-ին հրադադարի պայմանագրի կետերը:

Վրաստանի պատվիրակության ղեկավար, Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարասալիայի հայտարարությամբ՝ հենց վրացական պատվիրակությունը սկսել է խոսել Վրաստանի տարածքների բռնազավթման մասին, ռուսական կողմն, ի նշան բողոքի, ընդհատել է բանակցությունները:

 

Ամենաթարմ