Մտահոգություն ունեմ այն առւթով, որ երկրի քաղաքական գործիչները երկխոսություն են վարում միայն արտասահմանյան դիվանագետների միջամտությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի Առաջին ալիքին տված հարցազրույցի ժամանակ։
Խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ Վրաստանում խիստ սրվել է քաղաքական իրադրությունը: Ընդդիմությունը ցույցեր է անցկացնում, որոնց պահանջն առաջին հերթին ընտրական համակարգի փոփոխությունն է, իսկ իշխանությունները շարունակում են պնդել իրենցը: Բանակցությունների սեղանի շուրջ նստել հաջողվել է միայն արտասահմանցի դիվանագետների միջնորդությամբ:
«Ես մտահոգություններ ունեմ դրա պատճառով, քանի որ դա հին նեոգաղութատիրական մոտեցման շարունակությունն է: Ավելի լավ կլիներ, եթե մենք ինքներս լուծեինք խնդիրները, քան ամեն ինչում օտարերկրացիների ներգրավման կարիքն ունենայինք»,-ասել է Զուրաբիշվիլին։
Նա նաև նշել է, որ եթե օտարերկրյա դեսպանները ինչ-որ բանի հասնեն, ես դա կողջունեմ, քանի որ այժմ գլխավորը արդյունքի հասնելն է, այլ ոչ թե այն՝ ով դրան կհասնի:
Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել է երկրում բևեռացման և «տոտալ քաղաքական պատերազմի» վտանգի մասին:
«Մենք տեսնում ենք՝ ինչպես է բևեռացումը քայքայում ու թուլացնում պետությունը: Ես փորձում եմ չմտնել այդ դիմակայության մեջ, քանի որ նախագահի ինստիտուտը պետք է դուրս մնա տոտալ քաղաքական պատերազմից, որպեսզի թիրախ չդառնա և որ նրա հետ միասին թիրախ չդառնա պետությունը»,-ասել է Վրաստանի նախագահը: