Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է մի քանի դատապարտյալների համաներման գործընթացում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից լիազորությունների չարաշահման հնարավոր փաստի հետաքննություն սկսվելու մասին:
«Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել դատապարտյալներ Ռամազան Դևաձեի, Ասլան Բեժանիձեի, Զուրաբ Նադիրաձեի և մյուսների համաներման գործընթացում լիազորությունների վերազանցման հնարավոր փաստի կապակցությամբ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Օգոստոսին ընդդիմության և շարքային քաղաքացիների վրդովմունքն էր առաջացրել այն, որ Զուրաբիշվիլին ներում է շնորհել Դևաձեին, որը դատապարտվել էր 2014 թվականին ոստիկան Թարաշ Մուքբանյանին սպանելու համար: Նախագահի նստավայրի բակում այդ կապակցությամբ տեղի է ունեցել հանրահավաք: Այնուհետև նախագահն ընդունել է համաներման վերաբերյալ հերթական սկանդալային որոշումը՝ ազատ է արձակվել Բեժանիձեն, որը դատապարտվել էր 18-ամյա Դավիթ Օթխմեզուրիին՝ պատմաբան Գեորգի Օթխմեզուրիի որդուն, սպանելու համար: