Արցախյան երրորդ պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող Վրեժ Բադալյանը նշեց ծննդյան 20 ամյակը։ Զինվորը պատերազմի օրերին երկու անգամ ծանր վիրավորվել է՝ կորցնելով տեսողությունը։
Պատերազմն իր հետքն է թողել ժամկետային զինծառայող Վրեժի կյանքում։ 1 տարի 5 ամսվա ծառայողի համար պատերազմը անսպասելի սկսվեց։ «Մենք առավոտյան շուտ ենք տագնապով դիրքեր բարձրացել, իսկ մինչ այդ ոչ մեկիս մտքով էլ չի անցել, որ հնարավոր է պատերազմ սկսվի»,- պատմում է Վրեժը։
Վրեժը Մատաղիսում երկու անգամ վիրավորվել է։ Թեժ կռիվների և ռմբակոծության ընթացքում վնասվել են ուսն ու թոքը։ Չնայած վիրավոր լինելուն՝ երեք օր շարունակ կռվել է` գտնվելով շրջափակման մեջ։
Հոկտեմբերին Մատաղիսում ծանր ու համառ մարտեր են ընթանում, նաև դիրքային փոփոխություններ են լինում։ Մեր զինվորները արիաբար շարունակում են կռվել ու փորձում են պահել իրենց վստահված հատվածը։
Վրեժի մարտական ընկերը՝ Տիգրանը, հիշում է՝ իրենց հրաման էր տրվել պահել Մատաղիսի ռազմավարական կարևորություն ունեցող այդ հատվածը։
«Մենք երեք ընկերներով էինք՝ ես, Վրեժը ու Վանոն։ Թուրքն առաջխաղացում ուներ ու ամեն գնով պետք էր պահել մեզ վստահված հատվածը։ Մի քանի րոպե անց հրաման տրվեց թաքնվել թումբի տակ, որովհետև մենք ԱԹՍ-ի թիրախում էինք»,- պատմում է Տիգրանն ու հավելում, որ երեք ընկերներով իրար կողք են պառկել թմբի տակ։
Թշնամին հրետանու մի քանի ուժգին հարվածով թիրախավորում է ճանապարհը։ «Այդ ժամանակ արդեն ես, Վրեժը և Վանոն վիրավորվեցինք, մեր հետ եղած տղերքից մեկը մահացավ»,- պատերազմի ծանր հիշողությունները նորից է վերապրում Տիգրանը։
Օգնությունը չի ուշացել՝ մեր վիրավոր զիվորների հետևից եկել է մեքենա, որ տանի հոսպիտալ, սակայն տղաներին տեղափոխող մեքենան հայտնվում է ԱԹՍ-ի թիրախում։
«Մեքենայի շարժվելուն պես մեր վրա կրակ բացեցին։ Վրեժը մեքենայի մեջ նստած էր, իսկ մենք պառկել էինք, ու ինձ մեքենայի երկաթի կտորը հարվածից պաշտպանեց, իսկ Վրեժը ծանր վիրավորում ստացավ»,- պատմում է Տիգրանը։
Կատաղի ու թեժ կռվի ժամանակ մարտիկը երկրորդ անգամ ծանր վիրավորվում է ԱԹՍ-ի հարվածից՝ կորցնելով տեսողությունը։ «Երկրորդ անգամ, երբ որ ռմբակոծության տակ հայտնվեցինք, նորից վիրավորվեցի ու արնաքամ վիճակում կորցրի գիտակցությունս»,- պատերազմի ծանր ապրումները նորից է հիշում Վրեժը։
Վրեժի մայրը՝ Լիլիթը, պատմում է, որ որդու վիրավորվելն ինքը կանխազգացել է։ «Դեռ ոչ մի տեղեկություն չունեինք, որ Վրեժս վիրավոր է, ես արդեն զգում էի ու ասում՝ փրկեք Վրեժին»,- պատմում է նրա մայրը և հավելում, որ ամուսնու պնդումներին, թե ինչ գիտի, որ որդին վիրավոր է, ինքը վստահեցրել է, որ մայրական սիրտը չի կարող սխալվել։
Երեք օր անց հերոսին ծնողները գտնում են Էրեբունի բժշկական կնտրոնում։ Բժիշկը ասել է, որ մայրը մտնի որդու մոտ։ «Երբ տեսա Վրեժին, նա կոմայի մեջ էր, հանկարծ թույլ արձագանքեց իմ ներկայությանը»,- հիշում է Լիլիթը։
Վրեժի հայրը՝ Վահեն, հիշում է՝ որդու ընկերները պատմել են, որ վիրավորվելուց հետո զինվորն արնաքամ է եղել ու չի կարողացել խոսել, ձեռքի շարժումներով է հասկացրել, որ իրեն օգնություն է պետք։
Բժիշկները 22 օր պայքարել են հերոսի կյանքի համար, իսկ հետո առողջական վիճակը կայունացել է, Վրեժը կոմայից դուրս է եկել։
Այսօր արդեն Վրեժը փորձում է հաղթահարել պատերազմի թողած ծանր հետքերը։ Դեռ պետք է վիրահատվի 3-4 անգամ։ Դեմքի պլաստիկ վիրահատություն են անելու, իսկ աչքը վիրահատելու են, որ տեսողությունը վերականգնեն։
«Որպես ծնող մենք պիտի պայքարենք ու ուժ տանք մեր որդուն»,- ընդգծում է մայրը։
Հերոսին իր մեծ սիրով ուժ է տալիս ընկերուհին՝ Քրիստինան։ Նրանք միասին են արդեն 5 տարի։ Մեր այն հարցին, թե ինչ ապրումներ է ունեցել, Քրիստինան ասաց՝ չի ուզում հիշել ապրած ծանր օրերն ու ամուր բռնեց Վրեժի ձեռքը։
Քրիստինան ու Վրեժը շատ երազանքներ ու նպատակներ ունեն, որոնցով մեզ հետ չկիսվեցին, բայց վստահեցրին, որ նրա ապաքինվելուց հետո հերթով հասնելու են բոլոր նպատակներին։ Մարտի 10-ին Վրեժը նշեց ծննդյան 20 ամյակը, հարազատներն ու ընկերները եկել էին շնորհավորելու ու իրենց մաղթանքներն ասելու Վրեժին։