Նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից 300 մետր հեռավորության վրա, անհայտ անձը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայողներ։ Հարձակվողը՝ 29-ամյա Ռահմանուլլահ Լաքանվալը, ով Աֆղանստանի քաղաքացի է, ձերբակալվել է։ Հաղորդվում է, որ նա ԱՄՆ է ժամանել 2021 թվականին՝ հատուկ վիզայի ծրագրով։ Հարձակման շարժառիթները դեռևս պարզ չեն, սակայն Կոլումբիայի շրջանի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը նշել է, որ սա կանխամտածված գործողություն էր, ու հայտնել նաև, որ հարձակվողը գործել է միայնակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարվածն անվանել է «ահաբեկչական ակտ»։ Նա իր տեսաուղերձում նշել է, որ սա հանցագործություն էր ոչ միայն ԱՄՆ ժողովրդի, այլ նաև մարդկության դեմ։ Թրամփը նաև հայտարարել է, որ իշխանությունները ստուգելու են Աֆղանստանից ԱՄՆ ժամանած բոլոր քաղաքացիներին, ովքեր մուտք են գործել նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ընթացքում։ Նա ընդգծել է, որ երկրից արտաքսվելու են այն օտարերկրացիները, ովքեր չեն գործում ի շահ ԱՄՆ-ի։
Ազգային գվարդիայի զինծառայողների վրա հարձակման հետևանքով վիրավորները գտնվում են ծանր վիճակում։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ Վաշինգտոնում տեղակայվելու են հավելյալ 500 զինծառայողներ՝ անվտանգության ապահովման նպատակով։ Հետաքննությամբ զբաղվում է FBI-ն՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ։

