Խաղաղություն՝ կամակատար իշխանության շարունակականության պայմանով

Հրապարակող՝

,

Խաղաղություն՝ կամակատար իշխանության շարունակականության պայմանով

Ամենադիտվածներ

Փետրվարի 9-ին Երեւանում հնչեց մի հայտարարություն, որը պետք է արձանագրել առանց մեղմացումների։ Ամերիկյան վարչակազմի կարեւոր ներկայացուցիչը՝  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, բաց տեքստով աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ նրան ներկայացնելով որպես մի գործչի, ով կարող է ապահովել երկարաժամկետ գործընկերություն՝ իրականացնելով այնպիսի նախագծեր, ինչպիսին, օրինակ, TRIPP-ն է։ Ավելին՝ նա ընդգծեց, որ «հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը (Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին է խոսքը-խմբ.) բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ դիրքում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին, բայց եթե իմ աջակցությունը որեւէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել` նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար»։

Սա արդեն ոչ թե դիվանագիտական քաղաքավարություն է, այլ հստակ քաղաքական աջակցություն՝ ընտրություններին ընդառաջ։ Երբ արտաքին ուժը խաղաղության գործընթացի հաջողությունը կապում է գործող վարչապետի իշխանական դիրքի պահպանման հետ, դա միջամտություն է Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ անկախ այն բանից, թե ինչ բառապաշարով է այն ներկայացվում։

Պետք է նշել, որ Փաշինյանին արտաքին հովանավորության տակ վերցնելու խնդիրը միայն այս հայտարարությամբ չի սահմանափակվում։ Նույն տրամաբանության շրջանակում պետք է դիտարկվեն նաեւ որոշ ժամանակ առաջ Եւրոպայից հնչած ֆինանսական ու քաղաքական աջակցության մասին հայտարարությունները։ Օրինակ, դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եւրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը նշել էր․

«Ռուսաստանն ու իր արբանյակներն ապատեղեկատվական արշավներ են իրականացնում Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է: Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել եւ արձագանքել նման ազդեցություններին»։

Այդ նպատակով նույն օրը հայտարարվեց, որ Եվրոպական միությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի խաղաղության եւ դիմակայունության ամրապնդմանը:

Նկատենք, որ Մոլդովայի օրինակի հիշատակումը ցույց է տալիս, որ արտաքին աջակցությունը դիտարկվում է որպես ներքաղաքական կյանքի վրա ազդելու գործիք։ Այլ կերպ ասած՝ խոսքը միայն անվտանգային կամ տնտեսական օժանդակության մասին չէ, այլ իշխանության շարունակականության ապահովման մասին։

Տարիներ շարունակ ԱՄՆ-ն այլ պետությունների կողմից որեւէ պետությունում ընտրական գործընթացների նկատմամբ ազդեցություն ունենալու խնդիրը ներկայացրել է որպես ժողովրդավարության հիմնարար սպառնալիք։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանին վերագրվող միջամտությունների շուրջ արեւմտյան աշխարհում ձեւավորվել է կոշտ քաղաքական եւ իրավական դիրքորոշում։ Սակայն նույն սկզբունքն այսօր չի կիրառվում այն դեպքում, երբ աջակցությունը տրվում է դաշնակցային կամ գործընկեր համարվող ուղղությամբ։ Այդ երկակի չափանիշը արդեն իսկ խոսում է այն մասին, որ այստեղ գործում է ոչ թե սկզբունքը, այլ շահը։

Այս ամենը տեղի է ունենում մի ժողովրդի հետ, որը դեռ չի հաղթահարել 2020 թվականի պատերազմի հետեւանքները ու 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանության՝ էթնիկ զտման ողբերգությունը։ Հանրային պահանջը՝ քաղաքական եւ իրավական պատասխանատվության ենթարկել ազգային արժանապատվությունն ու պետության շահերն ու իրավունքները ոտնահարած պաշտոնյաններին, դեռ մնում է օրակարգում։ Սակայն արտաքին կենտրոններից հնչող աջակցությունը գործող իշխանությանը փաստացի փոխում է ներքին քննարկման տրամաբանությունը։ Արդարության ու պատասխանատվության հարցը մղվում է երկրորդ պլան՝ «կայունության» եւ «ներդրումային միջավայրի» անվան տակ։

Ստացվում է մի իրավիճակ, երբ խաղաղության համաձայնագիրը ներկայացվում է ոչ թե որպես երկու պետությունների համաձայնության արդյունք, այլ որպես աշխարհաքաղաքական նախագիծ, որի իրականացումը պահանջում է կոնկրետ քաղաքական դեմքի իշխանական դիրքի պահպանում։ Իսկ այդ պահպանման համար գործի են դրվում արտաքին քաղաքական ու ֆինանսական ազդակները։

Հայ հանրությունը կրկին կանգնած է վերջին տարիներին արտաքին աշխարհի կողմից իր դեմ բանեցվող փորձի առաջ՝ լռեցվելու։ Լռեցվելու՝ պատերազմի հետեւանքների, Արցախի կորստի, անվտանգության խաթարման մասին հարցերում։ Լռեցվելու՝ այն հիմնավորմամբ, որ «ապագան» չպետք է խաթարվի անցյալի քննարկմամբ։ Սակայն առանց անցյալի գնահատականի ապագա չի կառուցվում։ Իսկ եթե այդ լռությունն ապահովվում է արտաքին քաղաքական աջակցությամբ, ապա խնդիրը միայն իշխանության հարց չէ, այլ պետական ինքնիշխանության։

Ընտրությունների արդյունքը պետք է ամրագրվի Հայաստանի քաղաքացիների կամքով։ Եթե դրանց արդյունքը նախապես կապվում է արտաքին դերակատարների ռազմավարական ծրագրերի հետ, ապա խոսքն այլեւս պարզապես գործընկերության մասին չէ։ Խոսքը Հայաստանի քաղաքական ընթացքի վրա արտաքին ազդեցության մասին է, որի հետեւանքները երկարաժամկետ են լինելու՝ անկախ այն բանից, թե ինչ անվանում կտրվի այդ աջակցությանը։

Ամենաթարմ