Կարելի է վստահությամբ պնդել, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում կան երեւույթներ ու կերպարներ, որոնք պայմանավորում են վարչախմբի կենսունակությունը։ Պետք է նաեւ արձանագրել, որ մեր երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությանը հասնելու հարցում գլխավոր խոչընդոտն ամենեւին Նիկոլ Փաշինյանը կամ նրա թիմը չեն։ Վարչախմբի ունեցած ո՛չ վարչական լծակները, ո՛չ ֆինանսական ռեսուրսները, ո՛չ Փաշինյանի որոշ թիմակիցների ինտելեկտուալ մակարդակը, եւ ո՛չ էլ արտաքին տարբեր օժանդակությունները չեն կարող օգնել Նիկոլ Փաշինյանին, եթե նրա դեմ գործի մի այնպիսի համակարգային ընդդիմություն, որն իրապես քաղաքական է իր մտածողությամբ ու վարքով։
Իսկ ո՞րն է իրապես քաղաքականը, հարց կտան շատերը։
Ներքաղաքական գործընթացների համատեքստում քաղաքական մտածողությունն այն է, երբ քաղաքական միավորները գիտակցում են իրենց սուբյեկտ դառնալու ներուժը՝ հնարավորությունների ու կարողությունների սահմանը, ու գործում են ըստ այդ տրամաբանության։ Թվում է, թե շատ պարզ մի բանաձեւ է։ Սակայն, այստեղ է «թաղված շան գլուխը»։
Ցավալիորեն, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող երեւի թե բոլոր միավորները կարծում են, որ իրենք սուբյեկտ դառնալու ներուժ ունեն, քանի որ ունեն ինչ-որ քանակի համակիրներ, ինչ-որ չափի ֆինանսական հնարավորություններ, ինչ-որ տարածքներ՝ հավաքներ անցկացնելու համար, ինչ-որ լրատվամիջոցներ՝ ներկայանալի դառնալու համար եւ այլն։
Սակայն այդ ամենը քաղաքական խաղատախտակի վրա իրականում ոչինչ է։
Հայաստանում քաղաքական ոչ մի միավոր հանրային ընկալումների տեսանկյունից իր իրական կերպարը բացահայտելու համար քաղաքական գնահատականի ինքն իրեն չի արժանացնում։ Կարելի է ասել, որ քաղաքական բոլոր շրջանակները թքած ունեն, թե ինչ բացասական ընկալումներ գոյություն ունեն հանրային տարբեր շերտերի մոտ իրենց անձերի նկատմամբ։ Ըստ այդ գործիչների՝ կարեւորը դրական իմիջն է եւ դրա ձեւավորման տեխնոլոգիան։ Իսկ այն, որ իրենք, լինելով ղեկավար նախկին պաշտոնյա, կամ բանակում չծառայած անձ, կամ կոռուպցիոն ինչ-որ սկանդալի մեջ հայտնված անձ, կամ անպատվաբեր արարք գործած անձ՝ չեն կարող ձեռնոց նետել Նիկոլ Փաշինյանին, դա այդ գործիչներին կարծես թե չի հետաքրքրում։
Սակայն, փախչել իրականությունից հնարավոր չէ։ Անգամ եթե շատերին թվում է, թե իրենք միայն իրենց դրական որակներն ու բարի համբավը ցուցանելով կարող են քաղաքական դաշտում երանգ ստեղծել, ապա՝ չարաչար սխալվում են։ Իշխող վարչախումբը երբեք հանգիստ չի թողնի ոչ մեկին։ Նիկոլ Փաշինյանը, իր երկարամյա լրագրողական փորձառությամբ, դրա վարպետն է։ Հիշեցնելով բոլորի անցյալը եւ կիրառելով կոմպրոմատներ շատերի նկատմամբ՝ նա կառավարելու է հանրային տրամադրություններն ու ձեւավորելու է հանրային այնպիսի կարծիք, թե ինքը չարյաց փոքրագույնն է եղած մրցակցության ու համեմատության մեջ։
Ուստի, համակարգային ընդդիմության կազմավորման համար երբեւէ իրական հանրային ընտրություն չի կարող տեղի ունենալ, քանի դեռ ընդդիմադիր միավորները շարունակելու են մանիպուլացնել հանրությանը՝ ներկայացնելով իրենց թվացյալ առավելությունները՝ դրա հետ միաժամանակ արհամարելով ու չնկատելով վարչախմբի կողմից իրենց դեմ կիրառվող կոմպրոմատները։
Բոլոր ընդդիմադիր գործիչները պետք է գտնվեն հանրային խոշորացույցի տակ ու մեծ ճնշման ենթարկվեն։ Նրանց բոլորին հարց պետք է տրվի՝ ինչ ակնկալիքով են նրանք ձեռնոց նետում Նիկոլ Փաշինյանին, եթե նրանց նկատմամբ կան այնպիսի փաստացի կոմպրոմատներ, որոնք ուղղակիորեն օգտագործվում եւ օգտագործվելու են իշխող վարչախմբի կողմից՝ տապալելով նրանց մասնակցությամբ բոլոր նախաձեռնությունները։
Քանի դեռ քաղաքական դաշտը չի զտվել ու զատվել ակնհայտ պարտության հանգեցնող երեւույթներից ու կերպարներից՝ համակարգային ընդդիմություն չի կազմավորվի Հայաստանում։ Բոլոր «նախկիններին», ազդեցության գործակալներին, խոշոր գործարարներին, բարերարներին ու նման կարգի դեմքերին պետք է մշտապես հարց տրվի՝ իրենք արդյո՞ք հենց Նիկոլ Փաշինյանի հաջողության համար չեն գործում քաղաքական դաշտում։

