Խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Աժ նիստի ընթացքում հանդես եկավ երդմամբ։ Տեղեկացնենք, որ քվեարկությունից անմիջապես հետո ՍԴ նորընտիր դատավորը երդվում է, սակայն Գրիգորյանը խնդրել էր հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններում դադարեցնի իր մասնակցությունը՝ որպես փաստաբան։
«Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը, սա Հայաստանի Հանրապետությունում վերջին տասնամյակներում առաջին անգամ ժողովրդի կամարտահայտությամբ ընտրված Ազգային ժողովի կողմից ընտրված առաջին բարձր դատական պաշտոնն է։ Իմ ընտրությունը երկար ճանապարհ է անցել, դուք գիտեք, քաղաքացիները գիտեն, այդ ամենը բաց ու թափանցիկ է եղել: Շուրջ մեկ տարի առաջ, երբ ես կայացնում էի այդ որոշումը, բոլոր հանգամանքերով հանդերձ՝ պատկերացրել եմ նաև, որ այդ պաշտոնի ծանրությունը պայմանավորված է նրանով, որ Սահմանադրական դատարանը դեռ շարունակում է գործել անցումային տրամաբանությամբ։ Եվ այս անցումային տրամաբանության մեջ Սահմանադրական դատարանը իր կազմով արդեն իսկ ունի սահմանադրականության ճեղքեր, որոնք ես, ամենայն մանրամասնություններով, մտադիր եմ սկզբից քննարկել իմ գործընկերների՝ ՍԴ անդամների ու դատավորի հետ և այնուհետև նրանց հետ համատեղ, ծայրահեղ կառուցողական, հուսով եմ, որ փոխադարձ ըմբռնման և իրավական անվտանգության բոլոր նկատառումները հաշվի առնելով՝ գալ համատեղ լուծման և հանրության առջև հանդես գալ այդ լուծմամբ»,- ասաց Վահե Գրիգորյանը։
Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, եւ ես չեմ սխալվում սա ասելով։ ՍԴ-ում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմաանդրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»,- շեշտեց Գրիգորյանը։
«Սահմանադրական մարմինները կարող են շեղվել իրենց սահմանադրականության ուղեծրից, բայց դրանք խնդիրներ են։ Խնդիրները լուծումներ ունենում են։ Երբ խնդիրներ ունենում է ՍԴ-ն, այն էլ կազմի մեծամասնության մասով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ, բայց սա չի նշանակում, որ ճգնաժամերը լուծումներ չեն ունենում։ Այս բոլոր խնդիրներով հանդերձ՝ ՍԴ դատավորի երդումը տալուց, ՍԴ մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ ՍԴ միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ, կամ դրա բացակայության դեպքում ընդունելի ձեւաչափի տեսքով այդ մասին կտեղեկացնեմ հանրությանն ու իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացին դերկատարում ունենալ, ամեն դեպքում, ամե՛ն դեպքում, հաշվի առնելով վերջին օրերի որոշ իրողություններ, եւ որ ՀՀ քաղաքացիները լիուլի եւ իրավաչափ շահեր ունեն բարձրագույն դատական ատյանի կազմի սահմանադրականության հարցերում եւ հետաքրքրվածություն ունեն դրանում, որեւէ ինչ տեղի ունենալիս ես պիտի խնդրեմ ՍԴ դատավորի երդումը տալիս, խստիվ պիտի պահանջեմ, որպեսզի իսպառ բացառվի ՍԴ անդամների կամ ՍԴ աշխատակազմի որեւէ ներկայացուցչի նկատմամբ որեւէ ոտնձգություն, իսկ իրենց խաղաղ հավաքների բոլոր դրսեւորումները իրականացվեն խաղաղ հավաքների մասին օրենքի տառին համապաստխան»։
ՍԴ դատավորն ասաց, որ ցանկանում է, որպեսզի ՀՀ քաղաքացիներն ու պատգամավորներն իմանան, որ ՍԴ դատավորի երդման տեքստը խիստ հակիրճ է եւ դրա արտաբերմամբ ինքը չի կարողանալու ամբողջովին արտահայտել այն, ինչ նկատի է ունենալու այդ երդմամբ։ Բայց մի հատված ընդգծեց, որտեղ ասվում է, որ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում է․
«Ես ուզում եմ, որ դուք բոլորդ իմանաք, որ երբ ես այս բառերը կարտաբերեմ, նկատի եմ ունենալու, որ երդվում եմ ժողովրդի առջեւ, բայց իմ երդումը տալիս եմ բացառապես հայ ժողովրդին, եւ սա ոչ թե լիրիկական զեղում է կամ պաթոսալի վերապահում, սա շատ հստակ սահմանդրաիրավական նկատառումներով կատարվող ծանուցում է․ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն ժողովրդի իշխանությունը, ժողովրդի հավաքական կամքը ստորադաս է սահմանադրի կամքին։ Մենք բոլորս ապրում ենք ժամանակներում, երբ ինքներս ականատես ենք եղել ժողովրդի հավաքական կամքի դրսեւորման զորությանը, եւ բոլորդ գիտեք, որ դրա դեմ չկա որեւէ դիմադրող ուժ, բայց պիտի արձանագրենք, որ այդ կամքն ինքնին ստորադաս է սահմանադրի կամքին, իսկ ՀՀ-ում սահմանադիրը բացառապես հայ ժողովուրդն է՝ ինչպես արձանագրված է Սահմանադրության մեջ։ Մենք կարող ենք հաշվի նստենք եւ պետք է հաշվի նստենք ժողովրդի զորության հետ, բայց մենք պիտի արձանագրենք, որ այդ զորությունը ստորադաս է սահմանադրի կամքին, որովհետեւ զորությունն ինքնին ուժ է, բայց արժեքները հաստատված եւ սահմանված են սահմանադրի կողմից, եւ եթե այս իրողությունը դուրս թողնենք մեր տեսադաշտից, մենք շատ հեշտությամբ կձախողենք քաղաքական ազգ դառանոլւ մեր վերջնական նպատակը եւ կձախողենք պետությունն ամվբողջությամբ»,-ընգծեց Գրիգորյանը՝ բոլորին, ՀՀ քաղաքցիներին տեղեկացնել, որ ինքն ամենայն պատրաստակամությամբ ստանձնելու է ՍԴ դատավորի պաշտոնը՝ ապահովելու համար Սահմանադրության գերակայությունը, եւ այդ կամքի գերակայության ապահովման ընթացքում իրեն նախկինում իր ներկայացրած բոլոր շահերից հեռացված է համարելու․
«Ես այդ դիրքում եւ պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, եւ դա իմ երդմամբ ստանձնվող նպատակն է լինելու․ երդումը տրվելու է հայ ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջեւ։ Ես այս դահլիճում թողնելու եմ իմ նախկին բոլոր կապվածություններն ու բոլոր պարտավորությունները, որոնք փաստաբանի երդմամբ ունեցել եմ բոլորի հետ, ինչպես եւ բոլոր քաղաքական հայացքների եւ ազատ քաղաքացու կարգավիճակում կողմնապահության դրսեւորումները։ ՍԴ դատավորի պաշտոնում ես ունենալու եմ մեկ նպատակ, եւ դա արձանագրված է իմ կողմից հիմա հնչեցվող երդման տեքսում։ Ես հուսով եմ՝ ՍԴ իմ պատկերացրած տեսլականն իրականություն դարձնել, եթե դրա հետ համախոհություն կլինի մյուս դատավորների մեծամասնության հետ, եւ հուսով եմ դատարանի հետ արդյունավետ համագործակցություն օրենսդիրի եւ գործադիրի միջեւ՝ դատարանի որոշումների արդյունավետ կատարման մասով։ Եւ այսպիսով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ի բարօրություն ՀՀ-ի ժողովրդի, ի կատարումն հայ ժողովրդի սահմանադիր կամքի եւ մեր բոլոր ազատասեր նախնիների պատգամի՝ ստանձնելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջեւ երդվում եմ՝ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ եւ անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- երդման խոսքն ասեց Վահե Գրիգորյանը:
Գրիգորյանը հավելեց, որ երդում տալուց հետո ստանձնելու է ՍԴ նախագահի լիազորությունների կատարումը։
«ՍԴ մուտք գործելիս որպես այս պահի միակ դատավոր, քանի որ մյուս դատավորը բացակայում է այս օրերին և ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը՝ ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափում կտեղեկացնեմ հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիներին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»,- ասաց նա։
Գրիգորյանը վստահեցրեց՝ ՍԴ դատավորի երդումը տալուց հետո ունենալու է մեկ նպատակ: «Այս դահլիճում թողնելու եմ բոլոր պայմանավորվածություններն ու կապվածությունները, որոնք ունեցել եմ իմ ընկերների, վստահորդների հետ։ ՍԴ դատավորի պաշտոնում ունենալու եմ մեկ նպատակ, և դա արձանագրված է երդման տեքստում։ Ստանձնելով ՍԴ դատավորի պաշտոնը՝ ՀՀ ժողովրդի առջև երդվում եմ՝ ապահովել սահմանադրականության գերակայությունը, գործել անկախ ու անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- ասաց նա։
Գրիգորյանի ելույթից հետո հնչեցին ծափահարություններ, ապա խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ շնորհավորեց նրան։