60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանն ու 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը անցել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչ։
Հովհաննիսյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9։0 հաշվով հաղթեց շվեյցարացի ըմբիշին։ 1/8-ում նա նույն հաշվով առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում Սահակի մրցակիցը 2019 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր վրացի Դիեգո Չխիկվաձեն էր, որին նա 1։2 հաշվով զիջել էր ԵԱ-ի կիսաեզրափակչում։
Այստեղ հայ ըմբիշը 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չխիկվաձեի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ 6։0 հաշվով պարտության մատնեց ռուս ըմբիշին։ Եզրափակչում Հովհաննիսյանի մրցակիցը թուրք Քերեմ Քամալն է լինելու։
67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը ևս պայքարը սկսել էր 1/16-ից, որտեղ նա 9։0 հաշվով հաղթեց էստոնացի ըմբիշին։ Այնուհետև Խաչատրյանը 12։6 հաշվի ժամանակ տուշեով հաղթեց թունիսցի Մաաֆիին։ Քառորդ եզրափակչում Շանթը 8։3 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Պետիցին։ Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կամային և գեղեցիկ հաղթանակ տարավ թուրք Աբդուլ Բաշարի նկատմամբ։ Եզրափակչում Խաչատրյանի մրցակիցը վրացի Գեորգի Շոթաձեն է լինելու։
72 կգ քաշային Սամվել Գրիգորյանը մեկնարկային գոտեմարտում 2։5 հաշվով զիջեց ադրբեջանցի ըմբիշին։ Վերջինս հասավ եզրափակիչ և Գրիգորյանը հնարավորություն ստացավ շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։ 82 կգ քաշային Կարեն Խաչատրյանը 1/16-ում 6։3 հաշվով հաղթեց Ֆինլադիայի ներկայացուցչին, այնուհետև 0։8 հաշվով պարտվեց իրանցի ըմբիշին։ Վերջինս պարտվեց կիսաեզրափակչում։ Խաչատրյանը չի շարունակի պայքարը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։