Պենտագոնը հրապարակել է Կոնգրեսի համար հերթական զեկույցը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության շուրջ ռազմական և անվտանգությանը առնչվող միտումների վերաբերյալ։ Փաստաթղթի հիմնական ուղերձը բավականին ուղիղ է։ ՉԺՀ Ժողովրդական ազատագրական բանակը (ԺԱԲ) պարզապես «աճող տարածաշրջանային բանակ» չէ, այլ Պեկինի ռազմավարական նախագծի գործիք՝ մինչև 2049 թվականը «համաշխարհային մակարդակի» կարգավիճակի հասնելու և առաջին կղզիների շղթայից դուրս ուժի պրոյեկցիայի կարողությունները մեծացնելու համար է։
Զեկույցում նշվում է, որ ԺԱԲ-ը իր 2027 թվականի նպատակները կապում է երեք «խոշոր ռազմավարական կարողությունների» հետ, որոնք ուղղակիորեն ձևավորված են թայվանական սցենարի և ԱՄՆ-ի զսպման համար․
• «Ռազմավարական վճռորոշ հաղթանակ»— փաստացի՝ առավել սթրեսային սցենարում հաղթելու կարողություն (Թայվանի շուրջ հակամարտություն՝ ԱՄՆ-ի ներգրավմամբ)։
• «Ռազմավարական հակակշիռ»։ — ռազմավարական զսպման ուժեղացում, ներառյալ միջուկային բաղադրիչը, ԱՄՆ-ի գործողությունների ազատությունը սահմանափակելու նպատակով։
• «Ռազմավարական զսպում և վերահսկում»— տարածաշրջանը «օպորտունիստական գործողություններից» զերծ պահելու և հորիզոնական էսկալացիան սահմանափակելու կարողություն։
Գործադիր ամփոփագրում եզրակացությունը ձևակերպված է առավել քան կոշտ։ Չինաստանը ակնկալում է մինչև 2027 թվականի վերջը ունենալ Թայվանի շուրջ պատերազմի դեպքում «մարտնչելու և հաղթելու» կարողություն։
Զեկույցը բաց տեքստով նշում է, որ ԺԱԲ-ը մշակում է հարկադրական «վերամիավորման» մի քանի տարբերակ, այդ թվում՝ ամենավտանգավորը՝ ամֆիբիական ներխուժումը, ինչպես նաև հրթիռահրետանային հարվածներն ու հնարավոր ծովային շրջափակումը։
Կարևոր է ընդգծել, որ 2024 թվականին ԺԱԲ-ը գործնականում մշակել է այդ տարբերակների առանցքային բաղադրիչները՝
հարվածներ ծովային և ցամաքային թիրախների դեմ,
հարվածներ Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի ուժերի դեմ,
ինչպես նաև նավահանգիստների հասանելիության արգելափակման սցենարներ։
Զեկույցի գնահատմամբ՝ հնարավոր հարվածների շառավիղը կարող է հասնել 1500–2000 ծովային մղոնի։
Առանձին անդրադարձ է կատարվում կղզու շուրջ ճնշման դինամիկային։
2024 թվականին ԺԱԲ-ը իրականացրել է 38 գրեթե շաբաթական «մարտական պատրաստության պարեկություն» Թայվանի շուրջ։ Միևնույն ժամանակ Չինաստանի ռազմածովային ուժերը զգալիորեն ավելացրել են նավերի «ամենօրյա ներկայությունը»։
Տարվա օրերի մոտ 75 տոկոսին տարածաշրջանում գտնվել է 5–9 նավ (համեմատության համար՝ 46 տոկոս՝ 2023 թվականին և 27 տոկոս՝ 2022 թվականին)։
Սույն վերլուծությունը սիրով մեզ է տրամադրել «Թատերաբեմ» ֆեյսբուքյան էջը։

