Զինծառայողներն անցնում են 17 առարկա: Այս մասին Վանաձորում ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը, կազմակերպած միջոցառման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե զինծառայողները շատ ազատ ժամանակ ունեն:
«Ես մի փոքր զարմացած եմ: Ազատ ժամանակ, իհարկե, ունենում են, որը մենք պլանավորում ենք, որ պետք է ծախսեն ինքնապատրաստման վրա: Մարտական հերթապահության մեջ է ընդգրկվում այն զինծառայողը, որ առնվազն հինգ ամիս անցնում է ուսումնական փուլ: Այդ ընթացքում, հավատացե’ք ինձ, չեմ պատկերացնում՝ մեկը բողոքի, որ ազատ ժամանակ ունի և չգիտի՝ ինչի վրա ծախսի: Մենք խնդիր ունենք բոլոր զորամասերը գրադարանով ապահովելու: Այդ ուղղությամբ աշխատում ենք: Խոշոր զորամասերում գրեթե փակված է այս հարցը, փոքր զորամասերում զինծառայողների հիմնական մասը պայմանագրայիններ են, որ գալիս են աշխատանքի ու վերադառնում են տուն, եթե մարտական հերթապահության մեջ չեն ընդգրկվում»,- ասաց Բալայանը՝ նշելով, որ այդ տեղեկությունն ընդունում է որպես դիտողություն:
Փոխնախարարն ասաց՝ ծանոթ չէ՝ այդ տարածքի որ զորամասերն են, որ գրադարան ունեն, որոնք՝ չէ, խոստացավ զբաղվել այդ հարցով: Նա նաև հայտնեց, որ պատրաստվում են զինծառայողների ուսումնական ծրագիրը հարստացնել՝ ուսուցումը խորացնելով բարեվարքության, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի առումով:
«Ունենք նաև միջազգային փաստաթղթերով պարտավորություններ, ուսումնական ծրագրերը մշակման փուլում են ոչ միայն զորամասային օղակում, այլև ռազմաուսումնական հաստատություններում»,- ասաց նա: