Զինված ուժերը ներգրավվել են փետրվարի 23-ից սկսած՝ «0038» գաղտնի հրամանով. ՀՔԾ պետ

Հրապարակող՝

Զինված ուժերը ներգրավվել են փետրվարի 23-ից սկսած՝ «0038» գաղտնի հրամանով. ՀՔԾ պետ

Զինված ուժերը ներգրավվել են փետրվարի 23-ից սկսած՝ «0038» գաղտնի հրամանով։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին ի պատասխան, ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադառնալով մարտի 1-ի քրեական գործին և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի հայտարարությանը՝ այդ առնչությամբ։
«Արտակարգ դրությունը հայտարարվել է մարտի 1-ին, իսկ Զինված ուժերը ներգրավվել են «0038» գաղտնի հրամանով՝ փետրվարի 23-ին»,- ասել է ՀՔԾ պետը, չցանկանալով մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի և նրա պաշտպանական թիմի հայտարարությունները։

Լրագրողի այն հարցին, թե՝ ՀՔԾ պետը հայտարարություն է արել առ այն, որ որոշ օլիգարխներ այդ օրերին զինվորներին որպես վարձկան են օգտագործել և նրանց վճարել են իրենց հսկելու համար, Սասուն Խաչատրյանը նախ հորդորեց իր բառերը մեջբերելուց առաջ հստակեցնել և ապա ասաց, որ ինքը նման հայտարարություն չի արել։
«Ես նման հայտարարություն չեմ արել, թե նրանք հսկում էին օլիգարխներին, ես ասել եմ, որ մեր զինվորներին դարձրել են վարձկաններ և նրանց վճարել են մասնավոր միջոցներից, որպեսզի պաշտպանեն իրենց ունեցվածքը», ասաց Խաչատրյանը։ Նա հրաժարվեց տալ անունները, հավելելով, որ քրեական գործ կա, գործի մի մասն է ուղարկվել դատարան։

ՀՔԾ պետն անդրադարձավ նաև մարտի 1-ի գործով իրեղեն ապացույցներին։
«Մենք հավաստի ապացույցներ ունենք, որ 1000 հատ ինքնաձիգի պարկուճ է փոխվել եւ 32 հատ Մակարով տեսակի պարկուճներ են փոխվել, փոխվել են իրեղեն ապացույցները», -ասել է ՀՔԾ պետը։

Ամենաթարմ