Լրագրողները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից խորհրդարանում հետաքրրքվեցին, թե երբ է տեղի ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը և արդյոք բանակցությունները հենց Մադրիդյան 3 սկզբունքների 6 տարրերի շուրջ են լինելու, ինչի մասին հայտարարել են համանախագահները:
Ինչ վերաբերում է հանդիպմանը, նախարարը նշեց, որ կա մշակույթ և կողմերը համաձայնեցնում, ավարտում են ամեն ինչ, որից հետո միաժամանակ հայտարարում են: Ըստ նախարարի՝ այդ պահը դեռևս չի եկել, որ հայտարարի:
«Այստեղ միմյանց հարգելու խնդիր է կողմերի միջև, մենք միաժամանակ հայտարարում ենք հանդիպման ժամկետի և վայրի մասին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է բանակցություններին, Մնացականյանն ասաց, որ գնում ենք օրակարգով, որը արտահայտված է շատ հստակ, ինչը կա վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցված ելույթում:
«Այդ մոտեցումների շուրջ և այդ տրամաբանությամբ մենք ցանկանում ենք ներգրավել երկխոսության մեջ, շարունակել այն ընթացքը, որ մենք ունենք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ կա ձևավորված բանակցային շրջանակ և այդ 3 սկզբունքներն ու 6 տարրերը կարևոր խնդիրներից մեկն է, թե ինչպես են դրանք մեկնաբանում ու ինչպես են դրանք ընկալվում:
«Մենք հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունեն ՀՀ-ի համար ստատուսի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն ունեն 3 սկզբունքների և 6 տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են: Այդ առումով գիտեք որքան հստակ ենք մենք եղել մեր մոտեցումներում, որոնք առաջին հերթին վերաբերում են ստատուսին և անվտանգությանը, գիտեք ավելի արդիական և ավելի արդունավետ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի ԼՂ-ի ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը: Մենք նշել ենք, որ սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ՝ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում»,- ասաց ԱԳ նախարարը:
Զոհրաբ ՄՆացականյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը շարունակում է մնալ օրակարգում: Ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն, ըստ Մնացականյանի, բնական է, որ դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել:
«Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը յուրաքանչյուր կողմից պետք է լինի: Մենք այս հարցերը և մնացած հարցերը արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ՝ մեկը մյուսից ոչ տարանջատած: Երբ գոյություն ուներ 20 տարվա ձևավորված ձևաչափ և տարբեր գաղափարներ, որ ձևավորվել են նաև այն ժամանակ, մենք փորձում ենք այս մեր նոր մոտեցումներով և նոր տրամադրվածությամբ ու վստահությամբ զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք արդյունավետ առաջ գնալ բանակցություններում»,- հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը: