Հունիսի 19-ին Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-ամերիկյան գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ և ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ ընդլայնելու և առավել հարստացնելու բազմաոլորտ համագործակցության օրակարգը:
Անդրադառնալով այս տարվա մայիսին Երևանում կայացած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց նման ձևաչափի և ներկայացուցչական մակարդակով հանդիպման անցկացումը և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը կյանքի կոչելու վերջինիս արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարի խոսքով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը, որը ներառում է համագործակցության բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ գիտակրթական, էներգետիկ, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարության, զբոսաշրջության և այլ ասպարեզներում, նաև նպաստում է Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգի առաջմղմանը՝ այդ թվում նաև թիրախային ծրագրերի իրականացման միջոցով:
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը՝ որպես գերակա առաջնահերթություն ընդգծելով դատաիրավական և ոստիկանության ոլորտները: Այս համատեքստում նախարար Մնացականյանն առանձնահատուկ արժևորեց բարեփոխումների կայունության և արդյունավետության ապահովման նպատակով տարբեր միջազգային գործընկերների աջակցության համադրման և համակարգման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցերի շուրջ:
Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։