Հունիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման հարցերով նախարար Կարմելո Աբելային:
Հայաստանի և Մալթայի ԱԳՆ ղեկավարները բարձր գնահատեցին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումները միջազգային հարթակներում և կարևորեցին երկկողմ ձևաչափով մալթական պատվիրակության առաջին այցը Հայաստան, որը վկայում է հայ-մալթական օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու փոխադարձ պատրաստակամության մասին: Զրուցակիցներն ընդգծեցին այս տարվա փետրվարին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ հուշագրի ստորագրումը՝ որպես լավ խթան Հայաստանի և Մալթայի միջև առկա քաղաքական երկխոսության ներուժի լիարժեք կիրառման ուղենշման համար:
Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Առանձնահատուկ կարևորվեցին առևտրատնտեսական հարաբերությունների խթանման ուղղությամբ նախաձեռնությունների մշակումն ու իրագործումը, ընդգծվեց համապատասխան իրավապայմանագրային հիմքի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Զոհրաբ Մնացականյանը և Կարմելո Աբելան անդրադարձ կատարեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ շեշտելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը՝ որպես ԵՄ կառույցի և անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ամուր իրավական հենքի: Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեքստում ընդգծվեց, որ հոբելյանական տարին լավ առիթ է անդրադառնալու արձանագրված ձեռքբերումներին և ուրվագծելու համատեղ աշխատանքի հեռանկարները: Երկուստեք կարևորվեց նաև մարդկանց միջև շփումների խթանումը և ընդլայնումը՝ որպես պետությունների միջև կապերի ամրապնդման կարևոր գործոն:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա համագործակցությունը և փոխադարձ աջակցությունը նաև միջազգային կառույցներում՝ այդ առումով առանձնահատուկ կարևորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մալթացի իր գործընկերոջը ներկայացրեց Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները՝ ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրը՝ առավոտյան, Մալթայի ԱԳ նախարարը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։