fbpx
Հասարակություն

150 տարի առաջ այս օրը ծնվել է մարդկության պատմության ամենամեծ ճիվաղներից մեկը՝ Լենինը․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանը նշել է, որ 150 տարի առաջ այս օրը՝ 1870թ. ապրիլի 22-ին ծնվել է մարդկության պատմության ամենամեծ ճիվաղներից մեկը՝ Վլադիմիր Լենինը:

«Մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար պատերազմել որևէ մեկի, հատկապես Քեմալի հետ»:

150 տարի առաջ այս օրը՝ 1870թ. ապրիլի 22-ին ծնվել է մարդկության պատմության ամենամեծ ճիվաղներից մեկը՝ Վլադիմիր Լենինը: Մարդ ով միլիոննավոր մարդկանց մահվան պատճառ հանդիսացող համակարգի հիմնադիրը դարձավ: Մարդ որի ղեկավարությամբ սկսվեց Կարմիր տեռորի քաղաքականությունը: Մարդ որի ղեկավարությամբ իրականացվող տեռորի շրջանակներում Խորհրդային Ռուսաստանում այլախոհների համար առաջին համակենտրոնացման ճամբարները ստեղծվեցին:

Ընդամենը հարկավոր է մի քանի փաստեր նշել: 1917թ. աշնանը տեղի ունեցած զինված հեղաշրջումից հետո երբ բոլշևիկները եկան իշխանության՝ 1917թ. նոյեմբերի 24-ին «Ժողովրդական կոմիսարների խորհուրդ»-ն օրենք ընդունեց դատարանի մասին: Ըստ այդ օրենքի՝ ստեղծվում էին «Հեղափոխական տրիբունալներ» քաղաքական հակառակորդների կամ, ինչպես իրենք էին ասում, հակահեղափոխական տարրերի նկատմամբ: Սկսվեց բռնաճնշումների և նրանց կողմից հրահրված քաղաքացիական պատերազմի փուլը: Լենինն այդ ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանյան ժողովրդական կոմիսարների խորհուրդի ղեկավարի պաշտոնը: Հետագայում նույն պաշտոնը զբաղեցրեց արդեն ԽՍՀՄ կազմավորումից հետո: 1917թ. դեկտեմբերին ստեղծվեց բոլշևիկյան ամենասարսափելի պատժիչ մարմիններից մեկը՝ «Հակահեղափոխականության դեմ պայքարի համառուսաստանյան արտակարգ կոմիտեն», որի ղեկավարը տխրահռչակ Ֆելիքս Ձերժինսկին էր: 1918թ. հունվար ամսին Լենինը ստորագրեց դեկրետ, որի համաձայն՝ ստեղծվում էր Կարմիր բանակը: Միաժամանակ ակտիվ աշխատանքներ սկսեցին տարվել պատերազմից դուրս գալու ուղղությամբ:

1918թ. սեպտեմբերի 5-ին «Կարմիր տեռորի» մասին դեկրետն ընդունվեց: «Կարմիր տեռորի» գաղափարական հիմքը տալիս էր Լենինը, ով ցիտում էր Կարլ Մարքսի այն միտքը, որ նոր հասարակարգի ձևավորման տանջանքները կարելի է թեթևացնել հեղափոխական տեռորով: Լենինը նշում էր, որ բարոյականությունը կեղծ կատեգորիա է, և բարոյական է այն ամենն ինչ օգտակար է հեղափոխության համար: Դեկրետի համաձայն՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդը, լսելով «Հակահեղափոխականության դեմ պայքարի համառուսաստանյան կոմիտեի» անդամների զեկույցը քաղաքական հակառակորդներին ոչնչացնելու համատեքստում, ընդունեց, որ գործը հաջողությամբ ավարտելու համար տեռորն անհրաժեշտություն է: «Կարմիր տեռորը» մարմնավորող ամենասարսափելի դեմքերից էին Լենինը, Ձերժինսկին, Յակով Սվերդլովը: Խոշոր քաղաքներում, Պետրոգրադում, Մոսկվայում յուրաքանչյուր օր գնդակահարվում էր 400-500 մարդ: Շատ դեպքերում պատժիչ զորաջոկատները գերակատարում էին օրվա պլանը: Բոլշևիկների թիրախում էին գյուղացիները, ովքեր չէին ենթարկվում նրանց սահմանած տնտեսական քաղաքականությունը և ընդվզումներ էին կազմակերպում, եկեղեցին և, բնականաբար, զինվորականությունը, որի մի մասը զենքը ձեռքին կռվում էր բոլշևիկյան գազանությունների դեմ: Բոլշևիկյան գազանությունները, ինչպես նշվեց, կատարվում էին «Հեղափոխական տրիբունալների» միջոցով, որոնք, ժամանակակիցների վկայությամբ, ուղղակիորեն մեկը մյուսի հետևից գնդակահարության քվոտաներ էին տալիս պատժիչ այլ մարմիններին:

Հատկանշական է 1918թ. Պենզայի կորպուսին ուղղված Լենինի նամակներից մեկը, որտեղ նա նշում է, որ հարկավոր է անխնա տեռոր իրականացնել կուլակների սպիտակ գվարդիականների հանդեպ և նրանց բոլորին տեղավորել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարում: Հարկ է նշել, որ այդ ժամանակ Խորհրդային Ռուսաստանում սկսել էին գործել առաջին համակենտրոնացման ճամբարները: Առաջին ճամբարներից մեկն Արխանգելսկի մոտակայքում գտնվող Մուդյուգ կղզու համակենտրոնացման ճամբարն էր: Այդ շրջանում մասսայական գնդակահարություններ էին սկսվել նաև Ղրիմում: Տարբեր տվյալներով՝ բոլշևիկների գազանությունների զոհ էր դարձել 100 հազարից ավելի մարդ: Ընդհանուր առմամբ, տարբեր պատմաբանների, օրինակ՝ Ս. Վոլկովի տվյալներով, «Կարմիր տեռորի» զոհերի թիվը, այդ թվում նաև գնդակահարվածները, համակենտրոնացման ճամբարներում «Ռազմական կոմունիզմի» տնտեսական քաղաքականության հետևանքով սովամահ լինող գյուղացիները, կազմեց ավելի քան 2 միլիոն մարդ: Գեներալ Դենիկինի ստեղծած հանձնաժողովի տվյալներով՝ զոհերի թիվը կազմում էր 1.7 միլիոն մարդ: Այդ հանձնաժողովի հետաքննություններից մեկում ասվում է. «….1918թ. հոկտեմբերի 18-ին բոլոր պատանդներին տարան արտակարգ իրավիճակների կոմիտե՝ Կարապետյանցի տուն: Նրանք ձեռքերը կապում էին մետաղալարերով: Հետագայում նրանց ոտքով տանում էին քաղաքային գերեզմանոց, որտեղ արդեն իսկ նախօրոք փորված էին փոսերը: Զինվորները հրամայում էին նրանց մերկանալ: Սկսվեց ջարդ: Մարդկանց կացնահարում էին փոսերի մոտ: Դահիճները հրամայում էին ծնկի գալ և պարզել պարանոցները: Յուրաքանչյուր պատանդին հարվածում էին մի քանի անգամ: Շատերը ձայներ էին արձակում, սակայն հիմնական մասը մահացավ լուռ: Առավոտյան գերեզմանափորները թաղեցին նրանց: Մոտակայքում արյան հետքեր և մարդկանց ոսկորների կտորներ էին շպրտված…»:

Լենինյան տեռորից անմասն չմնաց հայ ժողովուրդը: Լենինն էր այն անձը ով դաշնակցելով Քեմալ Աթաթուրքի հետ ուղղակիորեն վերջ դրեց ՀՀ Առաջին Հանրապետության գոյությանը: Երբ 1921թ. տեղի ունեցավ Հայաստանի օկուպացիան Խորհրդային Ռուսաստանի կողմից ստեղծվեցին արտակարգ դատարաններ և ընդունվեցին բռնաճնշումների համար նախատեսված դեկրետներ: Իսկ հետագայում երբ Ռուս-թուրքական մերձեցման հերթական փուլը սկսվեց որը ամրագրվեց 1921թ. մարտի 16-ի հայ ժողովրդի կենսական շահերի հաշվին կնքված ռուս-թուրքական Բարեկամության և Եղբայրության պայմանագրով՝ Լենինը դեռևս 1920թ. դեկտեմբերին հայ կոմունիստների հետ հանդիպման ժամանակ բառացիորեն նշում էր:

«Մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը հանուն համաշխարհային հեղափոխության շահերի: Մենք չենք պատրաստվում Հայաստանի համար պատերազմել որևէ մեկի, հատկապես Քեմալի հետ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ