Ամեն օր լայնացող ճաքեր, թափվող քարեր. Արզումանյան 10 շենքի բնակիչները ճամպրուկները հավաքած են պահում: Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին 3-րդ կարգի վթարային համարվող շենքն արդեն այս տարի, անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դարձել է 4-րդ աստիճանի վթարայնության: Նույն վիճակն է նաև հարևանությամբ գտնվող Արզումանյան 17 հասցեում:
Խնդրի միակ լուծումը վերաբնակեցումն է: Համայնքի ու մասնավոր հատվածի համագործակցությունը լուծման լավագույն տարբերակն է: Քաղաքապետարանը բնակիչներին մի քանի լուծում է առաջարկել, սակայն մինչ օրս ընդհանուր համաձայնության չեն եկել:
«Մեր մոդելը հետևյալն էր: Բանակցեցինք ներդրողի հետ և եկանք այն համաձայնության, որ, եթե բնակիչները համաձայնեն, կքանդվի շենքը, բնակիչները կվերաբնակեցվեն հենց կառուցապատողի միջոցներով, տեղում կկառուցվի նոր շենք և բնակիչները կվերադառնան»,-ասում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Շենքի շինարարությունը պետք է տևեր մոտ 2 տարի, և որպեսզի բնակիչները վստահ լինեին, որ կստանան իրենց բնակարանները, կկնքվեին պայմանագրեր: Բացի այդ, կառուցապատողը բնակիչներին տրամադրելու էր բանկային երաշխիք:
«Ծրագիրը չիրագործելու դեպքում, բնակիչները կստանային իրենց բնակարանի մակերեսին համարժեք գումար, որը կբավականացներ նույն տարածքում գնել նոր բնակարան: Քաղաքապետարանն էլ պատրաստ է դառնալ պայմանագրի կողմ», – մանրամասնում է փոխքաղաքապետը:
Արզումանյան 10 և 17 ում այս պահին ևս կան ներդրողներ: Սակայն նախագիծը հնարավոր կլինի իրագործել միայն այն պարագայում, երբ բնակիչները համաձայնեն դուրս գալ շենքից, որպեսզի այն քանդվի և շինարարությունն սկսվի:
Մինչև տարաձայնությունները լուծվեն՝ քաղաքապետարանը բնակիչների մի մասին, անվտանգության նկատառումներով, առաջարկել է տեղափոխվել վարձակալած բնակարաններ, որոնց վարձավճարը կփոխհատուցվի քաղաքի բյուջեից: Հաջորդ տարվա համար էլ քաղաքապետարանը պատրաստ է գումար նախատեսել: Սակայն այս տարբերակը ևս վթարային շենքի բնակիչներին դուր չի գալիս:
Քաղաքապետարանի տվյալներով՝ Երևանում կա 8 4-րդ աստիճանի վթարային շենք: Շուրջ 100-ն էլ այս պահին 3-րդ կարգի վթարայնության են: 3 շենքում քաղաքապետարանը նախատեսել է ամրացում:
Վթարային շենքերի խնդրի լուծումը հնարավոր է նաև բիզնեսի սոցիալական պատասխանատվության շնորհիվ: Աշխարհում վաղուց ձևավորված գործելաոճը քաղաքային իշխանությունն փորձում է ներդնել նաև Երևանում: Որոշ տնտեսվարողներ արդեն արձագանքել են և պատրաստակամություն հայտնել մասնակցելու այս նախաձեռնությանը:
Համայնք-մասնավոր համագործակցության շնորհիվ նոր բնակարանների է սպասում Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների 59 ընտանիք: Շենքը կառուցվում է Սիսակյան 3 հասցեում: 83 ընտանիք էլ արդեն ստացել է նոր բնակարան:
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից։