Երևանի քաղաքապետարանը հայտնել է, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Շվեդիայի դեսպանին։
«Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:
Առանձնակի կարևորելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանի Էներգաարդյունավետության, քաղաքային լուսավորության և կոշտ թափոնների կառավարման ծրագրերի իրականացումը Երևանում՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Թագավորությանը, որը հանդիսանում է այս դրամաշնորհի նախաձեռնողը և ամենամեծ դոնոր երկիրը:
- Հրաչյա Սարգսյանը հայտնել է նոր թաղապետերի նշանակման մասին
- Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությունը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Հիմք ունենալով գործակցության արդեն հաջողված փորձը՝ կողմերը նկատել են, որ կան բազմաթիվ կոնկրետ ծրագրեր, որոնք ևս կարող են ընդգրկվել շվեդական կողմի նախաձեռնած տարատեսակ նախագծերում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Պատրիկ Սվենսոնը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: