Նախիջեւանի օդանավակայանի թիրախավորումը եւ Թուրքիայի օդային տարածքում հրթիռի խոցումը սովորական միջադեպեր չեն, այլ Իրանի շուրջ հյուսվող «սարդոստայնի» հստակ դրսեւորումներ։ Այս գործողությունները մատնում են որոշակի ուժերի մտադրությունը՝ պատերազմի թատերաբեմը տեղափոխել դեպի Իրանի հյուսիս-արեւմտյան սահմանագծեր, որտեղ անվտանգային խնդիրներն անմիջականորեն շաղկապված են էթնիկական զգայուն հարցերի հետ։ Ռազմական գործողությունների նման աշխարհագրությունը նպատակ ունի ոչ միայն թուլացնել Իրանի արտաքին պաշտպանությունը, այլեւ ներքին ապակայունացման հող նախապատրաստել՝ օգտագործելով քրդական եւ ազերի ժողովուրդների գործոնները։
Այս մարտավարությունը նոր չէ եւ ունի պատմական խորը արմատներ, որոնք Իրանի համար հանդիսանում են մշտական ցավոտ կետեր։ Դեռեւս 1945-1946 թթ․ ԽՍՀՄ անմիջական օժանդակությամբ հենց այս ժողովուրդների միջոցով ստեղծվեցին մարիոնետ պետական կազմավորումներ, որոնք պետք է դառնային Իրանի մասնատման հենակետերը։ Թեեւ շահական իշխանությունն այն ժամանակ կարողացավ վերականգնել վերահսկողությունը, սակայն արհեստականորեն գեներացվող անջատողական իղձերը մնացին որպես ներքին խժդժությունների աղբյուր։ Այսօր մենք տեսնում ենք նույն գործիքակազմի վերակենդանացումը, որտեղ արտաքին միջամտությունը փորձում է Թուրքիային եւ Ադրբեջանին ներքաշել ռեգիոնալ պատերազմի մեջ՝ որպես այդ «ազատագրական» կոչվող շարժումների հովանավորների։
Նման սցենարի իրագործումը ենթադրում է Իրանի ներքին կայունության հիմնավոր քայքայում, սակայն հաշվարկների հեղինակները հաճախ թերագնահատում են Իրանի պետականության մենթալիտետն ու դիմադրողականությունը։ Ի տարբերություն անցյալի, այսօրվա Իրանը որդեգրել է ասիմետրիկ պատերազմի կանոնները, որտեղ ռազմական գործիքակազմը զուգորդվում է տարածաշրջանային ազդեցության լայն ցանցով։ Իսրայելի եւ ԱՄՆ-ի փորձերը՝ ռազմական հարվածների միջոցով լուծել ռեժիմի տապալման քաղաքական խնդիրը, բախվում է մի իրականության, որտեղ նույնիսկ ներքին տարակարծություններ ունեցող ուժերը, ինչպիսիք են բանակն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, միավորվում են տարածքային ամբողջականության սպառնալիքի առջեւ։
Այս համատեքստում Իրանի համար սա վերածվել է էկզիստենցիալ պայքարի, որտեղ այլեւս գոյություն չունեն նախկինում հռչակված «ռազմավարական համբերության» կարմիր գծերը։ Թեհրանն արդեն ցույց է տալիս, որ պատրաստ է հակադարձել ոչ միայն սահմանագծին, այլեւ հարվածել հակառակորդի ամենախոցելի կենսական կետերին՝ դուրս գալով դասական պատերազմի սահմաններից։ Արդյունքում փլուզվում է Մերձավոր Արեւելքի անվտանգության նախկին ճարտարապետությունը, որտեղ ԱՄՆ-ն այլեւս չի ընկալվում որպես կայունության երաշխավոր, ինչն էլ ճանապարհ է հարթում նոր համաշխարհային խաղացողների մուտքի համար։
Վերջնարդյունքում, հյուսիսային սահմաններին ուղղված հարվածները կարող են ոչ թե թուլացնել Իրանը, այլ հրահրել ավելի մեծ եւ անկանխատեսելի ռեգիոնալ պատերազմ։ Եթե արտաքին ուժերը շարունակեն առաջնորդվել միայն ռազմական ուժի կիրառմամբ՝ անտեսելով տարածաշրջանի մշակութային եւ պատմական բարդությունները, ապա հանրությունը ականատես կլինի ոչ թե արագ հաղթանակի, այլ երկարատեւ եւ քայքայիչ հակամարտության։ Այս պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավումը նման արկածախնդրության մեջ կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ հենց իրենց պետականության համար՝ վերջնականապես փոխելով ուժերի հավասարակշռությունը ողջ Եվրասիական տարածաշրջանում։
Նկարում 12-13-րդ դդ. Քարավազի նոր կամուրջն է (Խուդափերին): Ունի 15 թռիչք: Գտնվում է Արցախի Քաշաթաղի շրջանում, Արաքս գետի վրա՝ Իրանի հետ սահմանին: Այժմ ռազմակալված է Ադրբեջանի կողմից։

