Ավելի քան 70 հազար բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սաստկանալու պատճառով: Այս մասին հոկտեմբերի 11-ին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը:
«ՊՀԾ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության զարգացման հնարավոր ազդեցությունից և ուշադիր հետևում է իրավիճակին: Բռնության էսկալացման սկզբից ի վեր գրանցվել է բնակչության զանգվածային գաղթ: Ներկայում Հասեքե և Ռաքա նահանգներից 70 հազարից ավելի մարդիկ են լքել իրենց տները»,-ասել է նա:
ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով՝ ներկայում ՊՀԾ-ի՝ Ղամիշլի բնակավայրում գտնվող դաշտային գրասենյակում շարունակում են աշխատել կազմակերպության 32 աշխատակիցներ: