Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործան հարցին, նշեց, որ հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան:
«Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս այս փուլում ենթադրել, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով, որը հարուցված է եղել Քրեական օրենսգրքի 282 հոդվածով, որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու հիմք չկա»,-ասաց Գրիգորյանը:
Վարչապետի այն հարցին, թե արդյո՞ք գործը կարճվելու է, Գրիգորյանը պատասխանեց.
«Որոշման վրա աշխատում ենք, այս փուլում մեղադրանք առաջադրելու և հետապնդման ենթարկելու հիմք չկա, այո՛, ուղղվածությունը դա է գործի քննության»:
Խոսելով Ամուլսարի շահագործման մասով փորձաքննության մասին՝ նա ներկայացրել եզրակացությունը:
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա: Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Սևանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի կոնցետրացիայի ներթափանցում Սևանա լճի ավազան: Բայց այդ կոնցետրացիայի համակցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը հնարավոր է Որոտան, Արփա գետերի վրա, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոց, այդ ռիսկերը կլինեն կառավարելի:
«Ընկերությունը երեկ ծանոթացել է եզրակացության հետ, մինչ այդ՝ նախաքննության ընթացքում, ներգրավված են եղել որպես կողմ և աշխատել փորձագետների հետ: «Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են մեղմման 16 միջոցներից 15-ը կիրառել: 10-ն արդեն կիրառվում է, 5-ը պատրաստ են հետագայում կիրառել: Մեղմման մեկ միջոցն է, որ դեռ քննարկվում է: Համաշխարհային բանկից «Լիդիան» ՓԲԸ-ն գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի գործունեությունը AFC ստանդարտին: Դա նախատեսում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառեն: Փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որը նախատեսում է մեղմման միջոցները կիրառել 500 տարի», – ասաց նա:
Նա նշեց նաև, որ 100 տարուց ավելի մեղմման միջոցների կիրառումից «Լիդիանը» չի հրաժարվում, եթե դրա անհրաժեշտությունը հետագայում կլինի:
Վարչապետ Փաշինյանն արձագանքեց. «Կառավարության ներկայացուցիչները կծանոթանան ամբողջական փաստաթղթին և դրա արդյունքում կգանք որևէ եզրակացության»: