Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է Թաիլանդում կայացած աշխարհի առաջնությունը։
Տոկիո-2020-ի համար վարկանիշային այս մրցաշարում մեր երկիրը հանդես եկավ 9 ներկայացուցչով, նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 103 երկրի պայքարում գրավեց 2-րդ տեղը ու զիջեց միայն Չինաստանին, որը 5 ոսկե մեդալ է նվաճել:
«Աշխարհի առաջնության գնում են մի քանի տարի առաջ․ շնորհակալություն եմ հայտնում մեր ծանրորդների անձնական մարզիչներին, մարզադպրոցներին, ովքեր ի սկզբանե աշխատել են նրանց հետ։ 103 պետության մեջ մենք ամենալավն էինք․ զիջել ենք միայն Չինաստանին, նրանք 5 ոսկի նվաճեցին, մենք 2, բայց նրանք քանակով հարյուր անգամ գերազանցում էին մեզ։
Շնորհավորում եմ բոլորիս, կաշխատենք արդարացնել ձեր հույսերը նաև հետագայում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Փաշիկ Ալավերդյանը։
Հավաքականի գլխավոր մարզիչը, խոսելով գերծանր քաշային կարգում Վրաստանի ուժեղագույն ներկայացուցիչ Լաշա Տալախաձեի հետ դիմակայության մասին, հույս է հայտնել, որ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը կկարողանան ի վերջո ձեռնոց նետել նրան․
«Լաշա Տալախաձեն մարդկային այնպիսի տեսակ է, որի ուժը սահմաններ չունի։ Հույս ունենք՝ կգա ժամանակ, երբ կկարողանանք ձեռնոց նետել նրան։ Նա հրաշալի մարզիկ է ու լավ մարդ․ միակ մարզիկն է, որը բարձրանալով մրցահարթակ՝ գիտի, որ բարձրացնելու է ծանրաձողը։ Ուրիշ ոչնչի մասին չի մտածում։ Նման հատկանիշներ ունի նաև Սիմոնը։ Որքան էլ մարզումների ժամանակ իրեն թույլ զգա, երբ բարձրանում է մրցահարթակ, միանգամից հավաքվում է, ու բարձրացնում ծանրաձողը»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը։
Անդրադառնալով 89 կգ քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանին՝ Փաշիկ Ալավերդյանն ընդգծել է, որ հնարավոր չէ մինչև Տոկիո-2020-ը փոխել քաշն ու մասնակցել Օլիմպիական խաղերին․
«8 ամսում հնարավոր չէ փոխել քաշային կարգն ու մասնակցել Օլիմպիական խաղերին։ Իզուր տեղը գլուխ գովել պետք չէ»։
Փաշիկ Ալավերդյանը խոսել է նաև ԱԱ-ին մասնակցած մեր աղջիկների մասին։
«Եղավ մի պահ, երբ չկարողացանք մտածել սերնդափոխության մասին։ Տղաների հավաքականում այսօր կա 2002 թվականին ծնված ծանրորդ, 17 տարեկան է, բայց մարզվում է Սիմոնի, Գոռի հետ։ Այդպես գուցե չզգանք սերնդափոխությունը։ Բացի այդ, աղջիկների հարցում խանգարեց նաև դոպինգների հարցը։ Շատ կարևոր է հոգեբանական պատրաստավածությունը․ պետք է հավատան, որ առանց որևէ միջամտության, կկարողանան բարձրացնել բարձր կիլոգրամներ ու կրկնել իրենց նախորդների հաջողությունները։
Ամեն դեպքում, աշխատում ենք։ Ունենք աղջիկ, ով պատանիների ԱԱ-ում երկրորդ տեղը զբաղեցրեց՝ Լիանա Գյուրջյանը։ Նրանք ամեն ինչ կանեն մարզիչների սպասելիքները արդարացնելու համար»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը։
Փաշիկ Ալավերդյանը նաև նշել է, որ Օլիմպիական խաղերից առաջ՝ մայիսի 31-ին, հայտնի կդառնա, թե որքան ուղեգիր կունենա Հայաստանը Տոկիո-2020-ում։