Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ կապված: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ամուլսարի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը:
«Մենք տեղյակ չենք եղել, թե բնապահպանության նախարարն ինչ ազդեցություն կարող է ունենալ ՇՄԱԳ-ի թույլտվության վրա: Երբ գործը վարույթ է ընդունվում, բնապահպանության նախարարության ՇՄԱԳ-ի-ի ՊՈԱԿ-ը իր հերթին շահագրգիռ մարմիններ էր ուղարկում ՇՄԱԳ-ի հաշվետվությունը: Այդ մարմինների կողմից դրական կամ բացասական եզրակացությունն ստանալուց հետո իրենք էլ են եզրակացություն կայացնում ևուղարկում նախարարին հաստատման: Յուրի Իվանյանի մասով ծառայողական քննություն ընթացել է և դրա արդյունքներով նա որևէ շահագրգռվածություն կամ կապ չի էլ ունեցել»,-ասաց Հայկ Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի, այս դեպքում զուտ իրավական առումով խախտում չկա:
Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, Հայկ Գրիգորյանը նշեց, որ դա այդպես չէ։
«Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ և նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Եթե նախկինում նա ղեկավարել է սեփականության դեմ ուղղված, կոռուպցիան հանցագործությունների, կիբերհանցագործությունների դեմ ուղղված վարչությունը, կիբերհանցագործությունների վարչությունն առանձնացվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում, անունն է վերանվանվել»,-նշեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական խմբի ղեկավար Յուրի Իվանյանն ու նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը խնամիներ էին: