Հենց նոր դուք ձեր գործողությամբ ցույց տվեցիք, որ քաղաքական կամք չունեք Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ-ում իշխող մեծամասնությունը տապալեց վերոնշյալ հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծումը և ձևավորումը:
«Հարցը խորհրդարանի հարթակում է արդեն եղել, և Երևանի ավագանին չի որոշում ԱԺ-ի լիազորությունների սահմանադրական կամ հակասահմանադրական լինելը: Տիկի՛ն Մակունց, եթե կարծում եք, որ Երևանի ավագանին է որոշելու մեր լիազորությունները, ես ուղղակի հիասթափված եմ»,-ասաց նա:
Մարուքյանը շեշտեղ, որ սա վատ նախադեպ է:
«Նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարաններում, որ ընդդիմության լիազորությունները նման ձևով տապալվեն: Սա քաղաքական լուրջ հետևանքներ է ունենալու»,-ասաց Մարուքյանը:
Նա հավելեց, որ այսօր հեղափոխությունից հետո առաջին անգամ սահմանադրական մակարդակում նման հետընթաց է արձանագրվում։
«Այս հետընթացով դուք ցույց եք տալիս ժողովրդին, որ ստեղծված քննիչ հանձնաժողովում քաղաքական մեծամասնություն ունենալով՝ վախենում եք ուսումնասիրել կոռուպցիոն ռիսկերը: Եվ Երևանի ավագանին է որոշում, թե խորհրդարանն ինչ անի: Սրանից էն կողմ էլ ի՞նչ խայտառակություն պետք է լինի»,-եզրափակեց նա։
Մարուքյանին արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը՝ կոչ անելով կոռեկտ արտահայտվել։
«Եթե Դուք կարոտում եք նախորդ խորհրդարանը, կարող եք գնալ նախկին խորհրդարանի Ձեր գործընկերների հետ սուրճ խմեք: Հաշտվեք այն մտքի հետ, որ նոր խորհրդարանում եք»,-ասաց պատգամավորը:
Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքում էր Ռուբեն Ռուբինյանին, վերջինս հորդորեց չընդհատել իրեն:
Ռուբինյանը շարունակեց. «Ուզում եք լինի քննիչ հանձնաժողով, գնացեք, խոսեք Դավիթ Խաժակյանի հետ, թող բացի քննիչ հանձնաժողովը»,- ասաց Ռուբինյանը:
Էդմոն Մարուքյանն արդեն տեղից վեր էր կացել, մոտեցել Ռուբինյանին և դեռ արձագանքում էր վերջինիս՝ «նախկին պատգամավորների հետ սուրճ խմելու հայտարարությանը»: Իր հերթին Ռուբինյանն էր խոսում, պատգամավորները վիճաբանում էին:
«Պարո´ն Ռուբինյան, լռություն, պարո´ն Մարուքյան, Ձեր արածը կոռեկտ չէ»,-ասաց ԱԺ նախագահը: Վերջինս նաև նախազգուշացում արեց պարոն Մարուքյանին։