Հայաստանում ներքաղաքական իրավիճակին է անդրադարձել «Ժառանգություն» կուսակցությունը և հանդես եկել տարածելով հայտարարությամբ։
«Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական իրավիճակի 2020թ. վերջին զարգացումները մեր պետությունից պահանջում են արագ և վճռական արձագանքում, բազմակողմ գործողություններ հանրային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում:
«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ, ցավոք, ՀՀ պետական համակարգը կարևորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է, իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջև գնալով թուլանում է:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը, որը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, առավել բևեռացրեց իրավիճակը. պարզ դարձավ, որ Հայաստանում դրսի և ներսի աջակցությամբ դեռևս ամուր են այն ուժերը, որոնք կարող են իրենց նպատակների իրականացման ճանապարհին սպանություններ կատարել, ինքնասպանության հասցնել՝ համոզված լինելով, որ նախկինի պես ոչինչ չի բացահայտվի, և անպատիժ կշարունակեն իրենց հանցագործ ծրագրերը՝ ի վնաս մեր պետական անվտանգության:
Պետության համար նույնքան վտանգահարույց են տնտեսական և սոցիալական քաղաքականության մեջ թույլ տրվող բացթողումները: Նախաձեռնվում են արտաքուստ բարի մտադրություններ կամ տրամաբանություն հետապնդող քայլեր, որոնք սխալ ելակետ ունեն, բնավ մշակված չեն, որի հետևանքով պետական, հանրային շատ ոլորտներ ցնցումների մեջ են հայտնվում:
Այսպես՝ մարզային ոչ մեծ ծննդատների փակման որոշումները այն պատճառաբանությամբ, թե այնտեղ բավարար ծննդօգնություն չի մատուցվում, մասնագետներ չկան, ծնունդները քիչ են, ապացուցում է, որ պետությունն օտարվում է իր հիմնական գործառույթից՝ ապահովել ենթակառուցվածքների ու տարածքների համաչափ զարգացումը՝ կանխելով բնակչության կործանարար կենտրոնացումը խոշոր քաղաքներում: Կամ՝ միայն սպանդանոցներում կենդանիների մորթը կազմակերպելու ճիշտ մոտեցումն այնքան անպատրաստ, հապշտապ և անշրջահայաց ներդրվեց, որ մեր պետության մեջ կրկին փողոցներ են փակում, բողոքի օղակի մեջ սեղմում կառավարության շենքը:
Իրավիճակի կարգավորման քաղաքական գործիքները նահանջում են ոչ քաղաքական և բնավ ոչ քաղաքակիրթ մեթոդների առջև: Ազգային ժողովում օրերս ծավալված բանավեճերի մակարդակը վկայում է, որ գողական կամ բակային ենթամշակույթը դեռ շատ ամուր է խորհրդարանական կառավարում որդեգրած մեր պետության մեջ:
«Ժառանգությունը», որն իր գործունեության ողջ ընթացքում պայքարել է ազատ և ժողովրդավարական արժեքների հաղթանակի համար՝ հանուն ինքնիշխան. անվտանգ, և կայուն առաջընթաց ապահովող Հայաստանի, մտահոգությամբ նշում է, որ ՀՀ իշխանության բոլոր թևերում՝ դատական, օրենսդիր և գործադիր, խորանում է ընդհանուր կառավարման ճգնաժամը, վստահության ներուժը սասանվում է: Սխալների և դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը: Հանուն ժողովրդավարական, թավշյա և ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետը պետք է նախաձեռնի նոր քայլ՝ բարենորոգելու դատական, օրենսդիր և գործադիր մարմինների աշխատանքը հնարավոր իրավաքաղաքական մեթոդներով: Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը: Հանրությունը և գաղափարակից քաղաքական-հասարակական ուժերը սպասում են վճռական քայլին»: