Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողովում հանդիպել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
«Օրենսդրական հարցերի շուրջ ընդհանուր քննարկում էր»,-ասաց Մուկուչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկե՞լ են ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը հանրաքվեի դնելու ԱԺ որոշումը։
Տիգրան Մուկուչյանը հանրաքվեի վերաբերյալ հարցերին ի պատասխան հորդորեց սպասել, մինչև այն պաշտոնապես կնշանակվի:
«Երբ կնշանակվի հանրաքվեն, դրանից հետո կսկսվեն ԿԸՀ գործառույթները, այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես միշտ, մանրակրկիտ պարզաբանումներ կտա բոլոր հարցերի վերաբերյալ»,-ասաց ԿԸՀ նախագահը:
Մուկուչյանի խոսքով՝ «Հանրաքվեի մասին» օրենքով նախատեսված ժամկետները նույնիսկ մի փոքր ավելին են, քան արտահերթ ընտրությունների համար նախատեսված ժամկետները։
«ԿԸՀ-ն 2018-ին կազմակերպել էր ԱԺ արտահերթ ընտրություններ՝ ըստ էության գործելով շատ ավելի կարճ ժամկետներում, հետևաբար, այս դեպքում ևս կհասցնեն մեն ինչ ժամանակին կազմակերպել և իրականացնել»,-նշեց նա։
Հարցին, թե արդեն ճշտվե՞լ է, թե հատկապես ինչ ձևակերպում է ունենալու հարցը, որը լինելու է քվեաթերթիկում, Մուկուչյանը պատասխանեց. «Մենք այս պահին որևէ նման դատողություն անել չենք կարող, որովհետև դրանք իրավական գործընթացներ են, որոնք հետևւմ են մեկը մյուսին: Այսինքն նշանակվում է հանրաքվե, դրանից հետո իրականացվում են կազմակերպական գործընթացներ, զուգահեռաբար իրականացվում քարոզչության գործընթաց: Այդ ընթացքում հստակ է լինում, թե ինչ հարցի վերաբերյալ է կազմակերպվում հանրաքվեն: Հետո նոր արդեն սահմանված կարգով հաստատվում է քվեաթերթիկի նմուշ»։