Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ Օփեն խոշոր միջազգային մրցաշարը։
B մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, հաղթող դարձավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը։ Հարությունյանը նաև 13 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։ Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով գրավեց 7-րդ հորիզոնականը։
Մրցաշարում հաջող հանդես եկան Հայաստանի կանանց հավաքականի ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը։ Դանիելյանը վաստակեց 6 միավոր, ընդհանուր հաշվարկում գրավեց 11-րդ հորիզոնականը, իսկ կանանց հաշվարկում ցույց տվեց լավագույն արդյունքը և արժանացավ հատուկ մրցանակի։ Մրցաշարը հաջող էր նաև Աննա Սարգսյանի համար, ով 7-րդ տուրից հետո ընթանում էր առաջատարների խմբում։ Սակայն 8-րդ տուրում Սարգսյանը պարտվեց մրցաշարի ապագա հաղթող Հարությունյանին, որին հետևեց ևս մեկ պարտություն 9-րդ տուրում։ Սարգսյանը սակայն զգալիորեն՝ 31 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը և 3-րդ անգամ լրացրեց տղամարդկանց միջազգային վարպետի նորմա։
ՖԻԴԵ-ի խորհրդի հաջորդ նիստին նրան կշնորհվի այդ կոչումը։
6,5 միավորով Աէրոֆլոտ Օփենի գլխավոր մրցաշարի հաղթող դարձավ Ադրբեջանը ներկայացնող 14-ամյա միջազգային վարպետ Այդըն Սուլեյմանլին։ Մանուէլ Պետրոսյանը վաստակեց 6 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը։ Գաբրիել Սարգսյանը վաստակեց 5,5, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը՝ 4,5-ական միավոր։
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։