ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական անգամ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու կատարվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են արդեն իրականացված աշխատանքները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:
Նշենք, որ նման հաճախակի այցերը չէին լինի, եթե հանրությունը քննադատական սուր արձագանքի չարժանացներ շինարարական կազմակերպության կողմից հուշարձանն ավերելու գործընթացին։ Փաստի հրապարակումից հետո կարիք է առաջացել հանրությանը պարբերաբար ներկայացնել, թե կառավարությունը մտահոգ է և որևէ կապ չունի այն իրավիճակի հետ, որը ստեղծվել է շինարարական կազմակերպության անփույթ կամ դիտավորյալ գործողության հետևանքով։ Սակայն հարց այն է, որ եթե հուշարձանը ԿԳՄՍ ղեկավարության համար իրապես լիներ կարևոր արժեք, ապա շինարարության նկատմամբ վերահսկողությունը կլիներ շատ ավելի վաղ փուլից, ոչ թե այն պահից, երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել շինարարների անպատասխանատու, միգուցև՝ հանցավոր, գործունեության մասին։

