Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը անդրադարձել է իր պաշտոնանկության մասին մամուլում շրջանառվող լուրերին։ Նա վստահեցրել է, որ պաշտոնը կորցնելու հետ կապված մտավախություն չունի և պատրաստ է ընդունել վարչապետի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ցանկացած որոշում։ Առուշանյանը նշել է, որ պաշտոնը համարում է գործիք՝ մարզին և երկրին ծառայելու համար։
Մարզպետը նաև ընդգծել է, որ պաշտոնանկության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել, և ինքը շարունակում է իր աշխատանքը։ Նա նշել է, որ քննարկումներ եղել են, սակայն որոշակի շրջանակներ փորձել են արագ տարածել լուրերը՝ ներկայացնելով, թե նա արդեն պաշտոնանկ է։ Առուշանյանը հավելել է, որ պաշտոնանկության լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր և մտահոգություններ է ստացել բնակիչներից, ինչը համարում է իր աշխատանքի գնահատականը։
Նա նաև հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իր անունը հաստատվել է կուսակցության համամասնական ցուցակում։ Դեկտեմբերի 18-ին նախատեսված մամուլի ասուլիսը, որի ընթացքում մարզպետը պետք է ամփոփեր 2025 թվականը, հետաձգվել է անհետաձգելի գործերի պատճառով։ Այս հանգամանքը ևս նպաստել է պաշտոնանկության մասին լուրերի տարածմանը։
Նկատենք, որ Շիրակի մարզպետը լրագրողների հետ հանդիպմանը կարծես թե ներկայացել էր իշխող վարչախմբին իր հավատարմությունը հայտնելու համար։ Շատ պաշտոնյաներ այդ կերպ փորձում են շահել Նիկոլ Փաշինյանի վստահությունը՝ անտեսելով այն փաստը, որ այդ կերպ Հայաստանը հայտնվում է ավտորիտարիզմի ճիրաններում։

