Հրամանատարն ասաց՝ Շուշին պիտի նորից ազատագրենք․ Հովհաննեսը երկու անգամ վիրավորվել է Շուշիում

25-ամյա Հովհաննես Ներսիսյանը Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է` Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է: Հոկտեմբերի 22-ին է զինկոմիսարիատից ստացել ծանուցում ու շտապել` հայրենիքը պաշտպանելու:
«Մեզ տարել են Հոկտեմբերյան, երկու օր մնալուց հետո հոկտեմբերի 24-ին տարել են Ստեփանակերտ, այնտեղից էլ Մատաղիս»,- պատմում է Հովհաննեսը:

Ասում է` հրաման կար, որ իրենք պետք է դիրքավորվեին անտառում, բայց հետո որոշել են, որ իրենց տանեն Մաղավուզ:
«Մեզ տարան Մաղավուզ: Պետք Է այնտեղ մնայինք, որ անտառի մեջ եղած ադրբեջանական դիվերսիոն խմբին ոչնչացնեինք: Խումբը մեր տեղեկություններով, գրեթե, 200 հոգուց էր բաղկացած: Բայց ինչքան, որ մնացել ենք խմբին էդպես էլ չենք հանդիպել` իմ իմանալով էտ արդեն անցած են եղել Եղնիկներ»,- պատմում է Հովհաննեսը:

Հոկտեմբերի 28-29-ին թշնամու հետ մարտի են բռնկվել: «Ձորի մեջ եղել է փոխհրաձգություն: Մեր կողմից տվել ենք մեկ զոհ և մեկ վիրավոր, թշնամին` 73 զոհ»,- ասում է Հովհաննեսը:

Ռազմաճակատի թոհուբոհը նորից վերհիշելով` Հովհաննեսը պատմում է` մինչև նոյեմբերի 5-ը մնացել են Մատաղիսում, իսկ հետո տեղափոխվել Շուշի` բերդաքաղաքի պաշտպանական մարտերին մասնակցելու:

hovhannes

«Նոյեմբերի 4-ի գիշերը 5-ի լուսադեմին` ժամը 3:30, մենք արդեն Մատաղիսից շարժվել ենք դեպի Շուշի: Բայց սկզբում չենք իմացել, թե ուր են մեզ տանում: Մեր հարցերին ոչ մեկը չէր պատասխանում, միայն ասել են, թե նստեք Урал-ները, անձևը շատ է , չենք կարող էստեղ մնալ»,- հիշում է Հովհաննեսը:

Ասում է` ճանապարհի կեսին լուրը տարածվել է, որ Շուշի են գնում, որտեղ արդեն մարտեր են սկսվել: «Մենք մենակ չէինք, մեր մեքենայի հետևից էլի եկող մեքենաներ կային: Հասանք Ստեփանակերտ, զորքը հավաքեցին: Մեզ գեներալներից մեկը, ազգանունը չեմ հիշում, ասաց, որ քաղաքի մեջ 45 հոգի դիվերսիոն խումբ կա պետք է էդ դիվերսիոն խմբին ոչնչացնենք»,- շարունակում է Հովհաննեսը:

Հովհաննեսն ասում է` իրենց հրամանատարը բոլորին ոգևորել է: «Հրամանատարն ասաց, թե Շուշին պիտի ազատագրենք, վերջում էլ գնանք Սուրբ Ղազանչեցոց` մոմ վառելու»:

Զրուցակցիս պատմացածից զարմացած հարցնում եմ` Շուշին ադրբեջանցիների վերահսկողության տա ՞կ էր, պատասխանում է` այո, մինչև մեր գնալը:

«Շուշի առաջինը մտել ենք մենք: Առավոտ` ժամը 7:30, Շուշիի մատույցներում էինք: Ստեփանակերտի ոլորաններից, որ դուրս ես գալիս ու մտնում Շուշի, աջ կողմը բենզալցակայան կա, ձախ կողմը` կանգառ: Այդտեղ արդեն մենք 5-6 զոհ ենք տվել: Հետո քաղաք մտնելու ճանապարհին տեսանք մեքենաներով մեր հատուկ ջոկատայիններն էին կանգնած»,- հիշում է Հովհաննեսը:

Ասում է` իրենց հրամանատարն է վերցրել իր վրա պատասխանատվություն, որ առաջինը իրենք կմտնեն քաղաք:

«Մեզ ասացին, որ տանկերը ձեզ հետ միանգամից չեն մտնի, որովհետև հնարավոր է հրետակոծեն ադրբեջանցիներն ու շատ զոհեր տանք: Հարձակողական մարտեր էինք վարում, քանի որ Շուշին իրենց վերահսկողության տակ էր: Կոնկրետ չեմ հիշում կամ Շուշիի բերդի վրայից կամ այլ տեղից 13 դիպուկահար էր աշխատում մեր ուղղությամբ, կրակում էին մեր զինվորների թևերին ու ոտքերին: Ով վիրավորվում էր, մյուսը գնում էր` օգնելու միանգամից գլխին էին կրակում: Մոտ 5 րոպեում 4-5 զոհ էինք տալիս»,- մարտական ընկերների կորուստը ցավով վերհիշում է Հովհաննեսը:

Պատմում է` քաղաքի գերեզմանների մոտով ցանկացել են մտնել քաղաք, բայց մատույցներում հակառակորդի հետ մարտի են բռնկվել: «Մեր փամփուշտները, որ վերջանում էին ես ու մի գյումրեցի տղա` ժամկետային զինծառայող էր, նոր փամփուշտներին էինք բերում»,- հիշում է Հովհաննեսը:

Ասում է` փամփուշտները բերելիս փողոցով անցնելիս դիպուկահարներ են աշխատել ու անտառից էլ կրակել են իրենց ուղղությամբ: «Հետ վերադառնալիս գյումրեցի տղայի ոտքին են կրակում: Եթե այդ փողոցով անցնեիր քեզ փամփուշտ չկպներ, ուրեմն բախտավոր մարդ էիր: Ուզեցի տղային օգնել, գիտեի, որ հնարավոր է` ինձ էլ կրակեին: Բայց իմ մեջ մտածեցի, թե կհասցնեմ օգնել»,- պատմում է Հովհաննեսը:

Մարտական ընկերոջն օգնելիս ինքն էլ է վիրավորվում: «Արագ հետ գնացի-կռացա, որ վերցնեմ տղային, միանգամից գլխիս կրակեցին, եթե մի քիչ աջ կամ ձախ կպներ հաստատ ես կմեռնեի»,- հիշում է Հովհաննեսը:

Հովհաննեսը պատմում է, որ գյումրեցի ժամկետային զինվորը զոհվել է, երբ ինքը տղային գրկած վազել է, իսկ ինքը վիրավորվել է երկրորդ անգամ` կրակել են ձեռքին:

Շտապ-օգնության մեքենան չի կարողացել այդ ժամանակ հասնել վիրավորների մոտ, քանի որ հակառակորդի դիպուկահարները ակտիվ կրակել են:

«Ես իջա ներքև, բոլոր վիրավորները վախեցած պառկած էին, դիպուկահարների պատճառով իրենք էլ չեն կարողացել վազել դեպի շտապ-օգնության մեքենան: Մոտ 50 մետր պիտի վազեինք, տեսա, որ մարդիկ կային, որ վիրավոր չէին, բայց չէին ուզում օգնել մյուսներին: Որոշեցինք 3-4 հաշվին բոլորով վազել: Վերջին ուժերս հավաքեցինք ու վազեցինք, վազելու ընթացքում փամփուշտները կպնում էին կողքիս տղաներին կամ հետևիցս վազողներին »,- պատմում է Հովհաննեսը:

Տեղ հասնելուց հետո տեսնում ենք, որ շատերը, ովքեր վիրավոր չեն եղել, ոչ մեկին չօգնելով փախել են: Հովհաննեսն ինքն իրեն է հարց տալիս, թե ինչու. «Փախչողները պտի կագնեն հպարտ-հպարտ ասեն, թե մենք էլ ենք կռվել»:

Ստեփանակերտում արդեն Հովհաննեսին վիրահատել են, ու հիմա արդեն համեմատաբար լավ է: Երբ արթնացել է, միանգամից հարցրել է, թե հո Ստեփանակերտն էլ չենք կորցրել:

Ասում է, ցավոք, մեր ՄՈԲ-ից ու կամավորներից շատ են եղել փախչողներ, բայց եղել են մարդիկ, ովքեր մինչև վերջ են կռիվ տվել:

«Ամեն անգամ լարվածություն ու սթրես էր, մտածում էինք` այս անգամ սնարյադը մեզ վրա կընկնի: Դժվար պահերին մենակ մտածում էինք մեր կողքը կռվող տղերքի մասին, որովհետև մեր ապրելը մեկս մյուսից էր կախված, եթե վիրավորվեինք մեկս մեկիս պիտի օգնեինք»,- ասում է Հովհաննեսը:

Այսօր վշտացած է հիշում, որ շատ անգամներ է եղել, երբ անիմաստ հետնահանջի հրաման են ստացել:

«Մենք չենք պարտվել, Աստված ոչ անի, եթե նորից պատերազմ լինի էլի կգնամ: Թող հիմա, գոնե, բոլորը հասկանա,որ Արցախը մեր դարպասն էր, իսկ հիմա թուրքը մեր շեմին է »,- ասում է Հովհաննեսը:

Հարցիս, թե սպասում էր պատերազմի նման ավարտին ասում է. «Հոկտեմբերի 24-ին, որ ոտքս դրեցի Ստեփանակերտ հասկացա, որ էս պատերազմը մենք տակ ենք տվել, ու ժամկետայիններին, որ ասում էի` տղերք ջան եկել ենք ձեր կողքը կանգնենք մինչև վերջ էտ երեխեքից մեկը քմծիծաղ տալով ասաց` հոպար, գիտես ձեզ պես քանի հոգի է եկել մեր կողքը կանգնելու »:

Ցավով է, ասում, որ զորքը դրսից հույսը կտրել էր: Հրամանատարներն ասել են, որ փախչողները, գոնե, զենքերը չեն թողնում, որ կռվող տղերքը վերցնեն:

«Հիմա էլ աթոռի կռիվ է, երբ մեր պետությունը ահավոր վիճակում է: Պատերազմի հաջորդ օրը Երևան տղամարդիկ ելան պատերի տակից, Ազգային ժողովի սեղանները կջարդեին, բայց զենք չեկան բռնեցին, իսկ մենք մարդու կարիք ահավոր շատ ունեինք»,- եզրափակում է Հովհաննեսը:

Զրույցն ավարտելիս Հովհաննեսը ևս մեկ անգամ է շեշտում, որ ցանկացած պահի պատրաստ է նորից զենք վերցնել ու հայրենքը պաշտպանել:

Հեղինակ՝ Շողիկ Կակոյան

 

Ամենաթարմ