Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցությունից Վահագն Հովակիմյանը։ Այս մասին նիստը նախագահող Կնյազ Հասանովը հայտարարեց նիստի ընթացքում ու խոսքը փոխանցեց նրան՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության կարգը բացատրելու համար։
ԱԺ նախագահի ընտրությունը կազմակերպվելու է խորհրդարանի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում՝ 13։30-14։30 ժամանակահատվածում՝ մեկ ժամ։ Այս մասին հայտարարեց Հովակիմյանը։ Նա ներկայացրեց նաև քվեաթերթիկը, որի վրա «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Արարատ Միրզոյանի անունն է միայն: Դրա դիմաց կա երկու վանդակ՝ «կողմ» և «դեմ» նշումներով։
Այսպիսով՝ մեկ թեկնածուի դեպքում ԱԺ պատգամավորները պետք է քվեարկեն կա՛մ Միրզոյանի օգտին, կա՛ նրա դեմ։
Այս պահին «Իմ քայլը» խմբակցության անդամների ձայները լիարժեք բավարարում են ԱԺ նախագահի պաշտոնում Միրզոյանին ընտրելու համար, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույնպես հայտարարել է, որ քվեարկելու է Միրզոյանի օգտին։
Ընտրությունը կատարվելու է փակ, գաղտնի ընթացակարգով։

