Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ մինչև 2030թ․ մնալու է․ Ալեն Սիմոնյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

Հրապարակող՝

11770_b

Ամենադիտվածներ

Հայաստանում այն մարդիկ, որոնք օրենք չեն խախտել, վախենալու ոչինչ չունեն, խոսքը վերաբերում է՝ ինչպես Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին, այնպես էլ՝ բոլոր քաղաքացիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ տարօրինակ ոչինչ չկա, որ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Հրայր Թովմասյանի հայրական տանը:

«Իրավապահները գործում են իրենց լիազորությունների և ժամկետների սահմանում, թե այդ ժամկետներն ով ինչի հետ կկապի, սա արդեն անհատական խնդիր է: Օրինակ, երբ Գագիկ Խաչատրյանի հետ կապված քրեական գործ հարուցվեց, ասում էին, որ դա անում են Ամուլսարի թեմայից շեղելու համար»,- ասաց Սիմոնյանը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ երբ դիմում էին Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, ենթադրում էին, որ կարող են լինել տարբեր ելքեր՝ սկսած նրանից նաև, որ կարող էր նախագիծը վարույթ չընդունվել:

«Ակնհայտ է, որ Հայաստանում կա ճգնաժամ, և դատական ճգնաժամը ՀՀ քաղաքացիների կողմից ընդունվում է, և կարող եմ ասել, որ այդ ճգնաժամը միանշանակ լուծվելու է՝ Հրայր Թովմասյանը ուզի՞, թե՞ ոչ: Հրայր Թովմասյանի ուզելով չէ, ՀՀ-ում կա օրենք, ժողովրդավարություն, օրինական ընտրված իշխանություն՝ ի տարբերություն Հրայր Թովմասյանի: Ով ինչ ուզում է՝ թող ասի, Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ մինչև 2030 թվականը մնալու է՝ չմնաց»,- շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է նախագիծը ՍԴ դատավորների կողմից մերժելուն, Ալեն Սիմոնյանը նշեց, որ սա եղած ճգնաժամի ապացույցներից մեկն է, ուստի վստահեցնում է՝ այդ ճգնաժամը լուծվելու է հօգուտ Հայաստանի ժողովրդի՝ օրենքի շրջանակներում:

«Մնացածին խորուրդ կտամ անիմաստ գործողություններով աչքի չընկնել, քանի որ այդ գործողություններն անիմաստ են»,-հավելեց նա:

Հարցին՝ արդեն քննարկե՞լ են, թե ինչ գործողություններ պետք է լինեն հետագայում, Ալեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց, սակայն չասաց, թե ինչ գործողությունների մասին է խոսքը:

Ամենաթարմ