Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պլանավորում է էական բարեփոխումներ իրականացնել Ազգային անվտանգության ծառայության համակարգում
Վարչապետի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, սահմանապահ զորքերը կշարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում:
«ԱԱԾ-ի պատասխանատվությունը կլինի նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը: Մի շարք այլ ոլորտներ, որոնք այսօր վերապահված են Ազգային անվտանգության ծառայությանը, ժամանակի ընթացքում կփոխվեն և կվերափոխվեն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նշեց նաև, որ պլանավորում են արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել: Պետական պահպանության ծառայությունը դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և կդառնա վարչապետին ենթակա մարմին։
