Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ֆեդերացիայի նախագահի բոլոր առաջադրված թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին։ ՀԲՖ առաջարկել է հետաձգել նախագահի ընտրությունները։
Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների հետ կապված ցանկանում ենք տեղեկացնել, որ ֆեդերացիայի նախագահի բոլոր թեկնածուները չեն համապատասխանում գործող կանոնադրության պահանջներին, իսկ առանց 2020 թվականին ԱԻԲԱ-ի հետ համաձայնեցված փոփոխությունների պետական գրանցման անհնարին է ընտրություններ անցկացնել: Ընդ որում, անցկացվելու դեպքում դրանք անվավեր կլինեն, քանի որ գործող կանոնադրությանը կհակասեն:Այս պայմաններում, առաջարկում ենք փոփոխություններ կատարել, որից հետո նոր ընտրություններ կազմակերպել:
Ինչ վերաբերում է թեկնածուների անհամապատասխանությանը, ապա բոլորը չեն համապատասխանում կանոնադրության 11.9 կետի պահանջներին, համաձայն որի ֆեդերացիայի նախագահ կարող է ընտրվել և հանդիսանալ առնվազն վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին ֆեդերացիայի կազմում գտնվող առնվազն հինգ մարզական կառույցներ կամ առնվազն երեք մարզային ստորաբաժանումներ գրավոր կառաջադրեն:
11.10. Ֆեդերացիայի նախագահի թեկնածու չի կարող առաջադրվել.
ա) այն անձը, ով նախկինում հանցագործություն կատարելու մեջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մեղավոր է ճանաչվել և որի դատվածությունը չի մարվել կամ հանվել,
բ) այն անձը, ով կատարել է ԱԻԲԱ-ի կանոնների կամ ֆեդերացիայի կանոնադրության որևէ խախտում,
Այս պահանջներին մեր թեկնածուներից ոչ ոք չի համապատասխանում, ուստի առաջնային պետք է փոփոխել կանոնադրությունը, հետո նոր գնալ ընտրությունների:
Այս պայմաններում ընտրություններ կազմակերպելու դեպքում, կազմակերպողը և այս ակնհայտ ապօրինի գործողությունների համար կրելու է պատասխանատվություն, ով էլ որ լինի»։