Պատերազմից հետո սկսում ես կյանքին ուրիշ ձև նայել ․ Աբրահամ Գալստյան
Աբրահամ Գալստյանը մեկն էր նրանցից, ովքեր պատերազմի բոթը լսելուն պես կամավորագրվել էին ռազմաճակատ մեկնելուն, իսկ հոկտեմբերի 28-ին մեկնել է Մարտակերտ։ Աբրահամն եղել է հրետանավոր հետախույզ 2-րդ գծում։ Բարձրացել է սարեր, դիտարկել հակառակորդի դիրքերը, նրանց տեղակայումները և տվյալները ուղարկել է հրետանավոր տղաներին։ Հետախուզությունը պատերազմների ժամանակ ելքեր է որոշում ու այս ամենի արդյունքում ստացված տեղեկատվությունը շատ ժամանակ դառնում է ամենակարևոր զենքը։ Աբրահամը պատմում է,- «Մի օր ստացվել էր այնպես, որ մեր դիրքում տեղաշարժը շատ էր։ ԱԹՍ-ներն էլ գտնվում էին մեր գլխավերևում։ Սկսեցինք պատսպարվել։ Մեր 18, 19 տարեկան զինվոր տղաներից երեքը եկան ու ինձ փակեցին՝ մենակ չթողնելով ինձ։ Ես ասում էի, որ գնան պատսպարվեն, չմնան իմ կողքին, բայց չէին լսում։ Տղաներից մեկը ասեց․
– Աբո´, քեզ ոնց մենակ թողնենք, դու ո´չ պաշտպանիչ բաճկոն ունես, ո´չ էլ սաղավարտ,- իրենց կյանքով ինձ էին փրկում։ Այս դեպքը երբեք չեմ մոռանա։ Այնպես չէր, որ պաշտպանիչ բաճկոնի կամ սաղավարտի առկայության դեպքում, նրանք զերծ կմնային վիրավորումներից։ Բայց իրանք պատրաստ էին իրենց կյանքի գնով ինձ օգնել»։ Հետախույզները տեսնում են ամենաաննկատը և լսում ցանկացած շրշյուն։ Հետախույզի համար վտանգն արկախված է ցանկացած պահի և փրկությունը միայն դառնում է լսելը, տեսնելն ու կանխատեսելը։
Պատերազմի ելքերն երկուսն են՝ հաղթանակ կամ պարտություն, բայց պատերազմի տված դասերը բազմաթիվ են ու բազմապիսի։ «Ես չեմ հասցրել ուրիշ դիրքեր լինեմ։ Նոյեմբերի 9-ին ստորագրվել էր պայմանագիրը։ Այդ երեկոյան ուժեղ պայքար էր գնում։ Ու միանգամից կրակը կանգնեց։ Մենք բոլորս զարմացանք ու մի փոքր անց ասեցին, որ հրադադար է։ Նոյեմբերի 10-ի առավոտյան իմացանք, որ տարածքները հանձնել են։ Ցավը առաջին հերթին այն էր, որ այսքան զոհ ունեցանք այդ հողերի համար ու միևնույն ժամանակ չկարողացանք պահել հողերը։ Այս ցավը հայ ազգի ամենամեծ սուգն է, որը միշտ պետք է հիշենք։ Մեր զինվորները գնացել են հողը պաշտպանելու ու զոհվել են հողը պաշտպանելով»,- փաստում է Աբրահամը։
Աբրահամի համար պատերազմը գծել է խորը գաղափարախոսությամբ ողողված նոր կենսակերպ։ «Պատերազմից հետո սկսում ես կյանքին ուրիշ ձև նայել, գնահատել գոյություն ունեցող ամեն ինչ։ Ընտանիքիս, ընկերներիս հետ անց կացրած ժամանակը ինձ համար դարձավ ամենաբարձրը։ Սկսեցի սիրել կյանքը։ Առաջ թեթև էի նայում ամեն ինչին, բայց պատերազմը փոխում է մարդկանց ու դարձնում ավելի պատասխանատու ու գնահատող։ Մինչև պատերազմ մեկնելս նկարահանվում էի «Սարի աղջիկ » հեռուստասերիալում, երգում էի։ Պատերազմից վերադարձա ու նորից երգում եմ ու կերպար կերտում, բայց կարծես այլ կերպ՝ ասես նոր սկիզբ լինի գործունեությանս մեջ» -անկեղծացավ Աբրահամը։
«Ես հայ եմ ու պետք է ապրեմ այնպես, ինչպես չհասցրեցին ապրել այն տղաները, ովքեր զոհվեցին պատերազմում»։
Լիլիա Ալավերդյան