Ալիևը նոր օրենք է ստորագրել, ըստ որի՝ կսահմանափակվեն լրագրողների գործունեությունը

Ադրբեջանի նախագահը ստորագրել է օրենք, ըստ որի՝ լրագրողները պարտավոր են գրանցվել մեկ գրանցամատյանում, նշել իրենց տվյալները և չեն կարող ֆինանսավորում ստանալ արտասահմանից: Այս մասին հայտնել է BBC-ն:

Լրատվամիջոցների մասին նոր օրենքի համաձայն՝ Ադրբեջանում պետք է ստեղծվի զանգվածային լրատվության միջոցների միասնական ռեգիստր։

Որոշ հոդվածների համաձայն՝ (26 և 74) բարձրագույն կրթություն չունեցողները, անաշխատունակները, նախկինում ծանր հանցագործությունների և «հասարակական բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների» համար դատապարտվածները չեն կարող գրանցվել, ստեղծել զանգվածային լրատվության միջոցներ և մասնակցություն ունենալ դրանց գործունեությանը։

Քաղաքական կուսակցությունները կարող են ստեղծել միայն տպագիր մամուլ, իսկ տեղական մամուլն իրավասու չէ օտարերկրյա ֆինանսավորում ստանալ։

Բացի այդ, լրատվամիջոցը միասնական ռեգիստրում գրանցվելիս գործադիր իշխանություններին պետք է տրամադրի հիմնադրի, խմբագրի և բոլոր լրագրողների հասցեները, անձը հաստատող փաստաթղթի համարները և կոնտակտները (հոդված 73):

«Լրագրողների համար ռեգիստրում ընդգրկվելու համար շատ խիստ և անօրինական պահանջներ են կիրառվում՝ բարձրագույն կրթությունը, քրեական անցյալ չունենալը: Այսինքն՝ լրագրողին ներկայացվող պահանջները չափազանց բարձր են»,- նշել է մեդիա իրավունքի մասնագետ Ալեսքեր Մամեդլին:

 

Ամենաթարմ