Ադրբեջանում չկա Ղարաբաղ միավորում և չի էլ լինելու․ Դավիթ Բաբայան

Հրապարակող՝

Թուրք-ադրբեջանական և ահաբեկչական եռամիասնությունը թիրախավորել է Իրանի կողմից շահագործվող ջրամբարը. Դավիթ Բաբայան

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ասել է, որ Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք», սա Իլհամ Ալիևի կողմից արված միակ հայտարարությունն է, որի հետ կարելի է միանգամայն համաձայնվել, այո, Ադրբեջանում չկա Ղարաբաղ միավորում և չի էլ լինելու, որովհետև մեզ համար ցանկացած կարգավիճակում Ադրբեջանի կազմում գոյություն ունենալը բացառված է։

«Այս հայտարարությունն ապացուցում է, որ Ադրբեջանի քաղաքականության մեջ և մոտեցումներում փոփոխություն չկա, բայց եթե ինքն էլ է ընդունում, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուրեմն՝ այս ուղղությամբ պետք է սկսենք բանակցություններն՝ իրենք ճանաչեն, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և փորձենք համապարփակ լուծում գտնել այս հակամարտությունում: Մենք էլ ենք ասում՝ այո, չկա և չի կարող լինել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, եթե ինքն էլ է դա ընդունում, եկեք սկսենք բանակցել այս հարցի շուրջ»,- նշեց Բաբայանը:

Անդրադառնալով Ալիևի մյուս հայտարարությանը, որ «Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում», Դավիթ Բաբայանն ասաց.

«Դա իր որոշելիքը չէ, Արցախը հանգուցյալ չէ, մենք 15 հազար տարվա պատմություն ունենք և բազմաթիվ կայսրությունների ենք թաղել, հուղարկավորությանն էլ մասնակցել, Ադրբեջանն առաջինն ու վերջինը չէ, հետևաբար նման եզրակացությունները չենք կարևորում»:

Նշենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը.

«Մենք հակամարտությունը կարգավորել ենք ռազմաքաղաքական ճանապարհով, պատերազմը մնացել է անցյալում, ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Ադրբեջանում չկա «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչական տարածք, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել «Լեռնային Ղարաբաղ» անունով հանգուցյալին, ապա թող դա անի իր տարածքում, թող իր տարածքում ստեղծի «Լեռնային Ղարաբաղ» անունով հանրապետություն, կազմավորում, միավորում, և իրենք կճանաչենք այն: Բայց ոչ Ադրբեջանում: Այդ հարցը լուծվել է»:

Այս մասին տեղեկանում ենք 24News-ից։

Ամենաթարմ