Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում ՊՆ նախկին խոսնակ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կեսօրից հետո Ադրբեջանի ԶՈՒ-երը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային ԱԹՍ-ներ, հարվածներից մեկով վիրավորում է ստացել քաղաքացիական բնակիչ, այլ տուժածներ չկան։
Հովհաննիսյանի խոսքով՝ օրվա ընթացքում հայկական ԶՈՒ-ն թույլ է տվել ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին նախօրեի գիշերը իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից:
«Այս մասին ՊՆ-ն հայտարարեց, հստակ նշումներով ցուցադրվեցին նկարները։ Հետաքրքիր մի բան պիտի ասեմ՝ սա միակ տարածքը չէր, էլի կան այդպիսի տարածքներ, որտեղ կան ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների դիակներ։ Ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացել է զավեշտալի հակասություն՝ եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, և ինչո՞ւ էին մեր վերահսկողության տիրույթում։ Հետևությունները թողնում եմ բոլորին»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։
Արծրուն Հովհաննիսյանը խոսել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության այն հայտարարության մասին, որով սպառնում են հարվածել Մեծամորի ատոմակայանին: Այդ հայտարարությունն իբր անում են հայկական կողմի տարատեսակ այն հայտարարութուններին ի պատասխան, որ իբր հայկական ԶՈՒ-ն պատրաստ է հարվածել ադրբեջանական ռազմավարական օբյեկտների։
«Ադրբեջանական գյուղերում որևէ տուն չի թիրախավորվում ՀՀ զինված ուժերի կողմից։ ՀՀ ԶՈւ կողմից որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել քաղաքացիական, ռազմավարական կամ ոչ ռազմավարական օբյեկտի հարվածելու մասին»,- հավելել է Արծրուն Հովհաննիսյանը։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/284722415923110/?epa=SEARCH_BOX